Ցեղասպանություն 100Քաղաքական

Ապրիլի 25- ից պետք է սկսվի նոր՝ պահանջատիրության շրջան. «Ժառանգության» համաժողովում

lenabadeyan

Ապրիլի 25-ից հետո Հայաստանը պետք է անցնի նոր փուլի եւ այսօր արդեն փորձ է արվում հիմք ստեղծել դրա համար: Խոսքը ոչ թե Հայոց ցեղասպանության մասին է, այլեւ՝ տարածքային, գույքային, ֆինանսական պահանջատիրության մասին։ Այս առումով աննախադեպ է ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցը, այնպես էլ՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանը Թուրքիայից ունի մոտ հազար միլիարդ դոլարի պահանջ, իսկ միջազգային իրավունքը թույլ է տալիս հսկայական գումարային պարտքի դեպքում այն վերադարձնել տարածքների տեսքով, ասում են հայ մասնագետները:  

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հերթական զեկույցն արդեն պատրաստ է եւ մարտի 31-ին ուղարկվել է համապատասխան մարմիններին: Զեկույցի 500 էջում խոսվում է հայտրաբերված համակարգային 167 ներքին խնդրի մասին, բայց իր նախաբանով այս անգամվա զեկույցը աննախադեպ է, ասում է Կարեն Անդրեասյանը:

Խոսքը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրավական ու բարոյական ճանաչման մերժման ճանապարհով Հայաստանում բնակվող յուրաքանչյուր հայի իրավունքի ոտնահարման մասին է: «Թուրքիայի ոճրագործության հետեւանքները ներկայում եւս տարածվում են Հայաստանում ապրող մարդկանց վրա: Նրանցից շատերն ապրում են ոչ իրենց նախնիների ծննդավայրում, զրկված են իրենց հասանելի գույքային եւ մշակութային ժառանգությունից: Թուրքիան պետք է ամեն կերպ պատասխանատվություն կրի Հայոց Ցեղասպանության պատճառած անվերականգնելի մարդկային, գույքային ու բարոյական վնասների, հայերի կյանքի, սեփականության, պատվի ու արժանապատվության իրավունքների ոտնահարման համար»,- ասված է ՄԻՊ  տարեկան զեկույցի նախաբանից:

Նշենք, որ Զեկույցը շրջանառության մեջ է դրվում ոչ միայն Հայաստանում, այլեւ ուղարկվում է միջազգային կառույցների: Այսպիսով՝ նաեւ այս ձեւով է փորձ արվում հայկական պահանջատիրության համար նոր՝ իրավական հիմք դնել: Սակայն փորձը միակը չէ:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների օկուպացիան եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս։ «Ես ներկայացրել եմ օրենքի նախագիծ, որը միտված է նրան, որ մենք որպես ազգային անվտանգության ռազմավարություն նաեւ ունենանք այս բաղադիչը»,- ասում է։

Ի՞նչ հեռանկար ունի այս նախաձեռնությունը, դժվար է ասել, շատերը որոշակի դրույթների հետ համաձայն չեն, բայց միակարծիք են, որ ապրիլի 25-ից նոր փուլ պետք է սկսվի եւ խորհրդարանում փոխհատուցման պահանջով փաստաթղթի ընդունումը նվազագույնն է, որ պետք է արվի:

«ԱՌԱԿ 29» բարեգործական հիմնադրամից վերլուծաբան Դավիթ Դավիդյանն ուսումնասիրել է եւ փաստերով է փորձել պարզել, թե ինչ փոխհատուիցման մասին է խոսքը: «Երեք- չորս տրիլիոն դոլար է, մոտ հազար միլիարդ դոլարի մասին ենք խոսում մենք»։

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է, որ մեր պահանջատիրությունն ունի չորս հենք եւ այս դեպքում վկայակոչում է միջազգային իրավունքը: «Ցեղասպանությունը ենթադրում է ահռելի ծավալների փոխհատուցում: Այս համատեքստում միջազգային փորձը չի բացառում՝ ահռելի ֆինանսական փոխհատուցումները վճարել տարածքներով»։

Փոխհատուցման հարցը շուտափույթ պետք է լուծել, իր հերթին պնդում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը: «Աշխարհն այն տպավորությունն ունի, որ այսօր հայերի եւ թուրքերի կամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հիմնական խնդիրը Ցեղասպանության ճանաչման հարցն է, բայց այդպես չի, այլ՝ հետեւանքների վերացման հարցն է»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեջբերում է միջազգային կառույցների ուսումնասիրությունից մի հատված, համաձայն որի՝  այսօր Թուրքիայում թուրք բնակչության թիվը չի գերազանցում 50 տոկոսը: Նաեւ աառաջարկում է՝ իրավական հիմք ստեղծելու համար կարող է օգնել եւ տրամադրել առայժմ շրջանառության մեջ չեղած փաստեր:

Ինչ է մտածում այս ամենի մասին խորհրդարանական մեծամասնությունը պարզ չէ: Քննարկմանը պետք է մասնակցեր Հանրապետականից ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, բայց նա այդպես էլ չեկավ։

Back to top button