Ցեղասպանություն 100Քաղաքական

Բունդեսթագը ապրիլի 24- ին հրավիրում է նիստ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Գերմանիայի Բունդեսթագը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին մեկ ժամ տևողությամբ նիստ է հրավիրելու: Օրակարգում լինելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որի մշակմամբ զբաղվող խորհրդարանում ներկայացված չորս կուսակցությունների պատգամավորներից կազմված հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել, հայտնում է ermenihaber.am- ը։

Գերմանական «Tagesspiegel» պարբերականը տեղեկացնում է, որ ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների միջև բուռն քննարկում է սկսվել՝ բանաձևի նախագծում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ ընդդիմադիր «Ձախերի»  և «Կանաչների»  կուսակցությունները կողմ են ցեղասպանություն եզրույթի կիրառմանը, մինչդեռ իշխող կուսակցության և կուսակցական կոալիցիաների խորհրդարանական խմբերի ղեկավարները համաձայն չեն այդ մտքի հետ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ իշխող «Քրիստոնեական միություն» և «Սոցիալ- դեմոկրատ» կուսակցությունների՝ անցյալ շաբաթ ներկայացրած համատեղ տեքստի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» բառը: Սակայն ԱԳՆ-ի և խորհրդարանի կուսակցական խմբերի միջամտության արդյունքում տերմինը հանվել է վերնագրի հատվածից՝ թողնվելով միայն հիմնավորման բաժնում:

Նշվում է, որ տասը տարի առաջ ևս Բունդեսթագի բոլոր կուսակցությունների կողմից նմանատիպ որոշում էր ընդունվել:Գերմանական թերթի գնահատմամբ՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարող է դիտվել որպես հարձակողական քայլ Թուրքիայի նկատմամբ: Բացի այդ՝ Թուրքիան կարևոր գործընկեր է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ապրիլի 21-ին տեղի կունենա քվեարկություն, որի ժամանակ կոալիցիայի պատգամավորները կհաստատեն բանաձևի վերջնական տարբերակը: Ամենայն հավանաանությամբ՝ «ցեղասպանություն» բառն այլևս չի վերականգնվի վերնագրում: Սակայն նշվում է նաև, որ «Ձախերի» կուսակցության նախապատրաստած բանաձևի վերնագրում տեղ է գտել «ցեղասպանություն» բառը:

Նախատեսվում է, որ ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում կայանալիք քննարկմանն իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների կողմից  կներկայացվեն բանաձևի երեք տարբեր նախագծեր: Հնարավոր է նաև, որ մինչ այդ փոխհամաձայնության գալով՝  կուսակցությունները հանդես կգան մեկ համատեղ նախագծով:

Back to top button