Հասարակություն

Երեխաներին կսովորեցնեն երթեւեկության կանոնները

Ոստիկանությունն այսօր  երեխաների շրջանում երթեւեկության կանոնների ուսուցմանն ուղղված ծրագրի մեկնարկը տվեց։ Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մեր բոլորի պարտականությունն է՝ ոստիկանի, ծնողի, ուսուցչի, երեխաների ավագ քույրերի ու եղբայրների: Մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ երեխաներին ուսուցանել անվտանգության այն տարրական կանոնները, որոնք հնարավորություն կտան նրանց զերծ մնալ անցանկալի միջադեպերից:
Միանշանակ է, որ անվտանգությունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ երեխաները տիրապետեն, այսպես ասած, անվտանգության այբուբենին: Այդ իսկ նպատակով ոստիկանությունն իր առջեւ խնդիր էր դրել ստեղծել այնպիսի մի ձեռնարկ, որը գրավիչ կլիներ դպրոցական տարիքի երեխաներին:

Այսօր ոստիկանության ծառայողները կլինեն մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարաններում եւ կնվիրեն ուսուցողական խաղ-ձեռնարկներ, ինչը հնարավորություն կտա ուսուցիչներին «Փոքրիկ ոստիկանի» օգնությամբ ուսուցանել երթեւեկության կանոնները»:

Խոսելով անչափահասների շրջանում ոստիկանության կողմից պարբերաբար իրականացվող բազմաբնույթ միջոցառումների մասին՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մշտապես գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մենք պարբերաբար միջոցառումներ ենք իրականացնում, մեր ոստիկաննեը այցելում են դպրոցներ: Ոստիկանությունը համոզված է, որ երեխաների հետ անվտանգության մասին պետք է խոսել տարրական դասարաններից, ինչու չէ՝ նաեւ նախադպրոցական տարիքից»:

Մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիները սրտատրոփ սպասում էին հյուրերին, գիտեին, որ հաճելի անակնկալ է լինելու: Հյուրերը ոստիկաններ էին՝ անչափահասների գործերով տեսուչներ, ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակետային ծառայության աշխատակիցներ: Իսկ անակնկալը «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական խաղ-ձեռնարկների տրամադրումն էր երեխաներին:
Երեխաները խաղ-ձեռնարկի օգնությամբ փորձեցին ցուցադրել երթեւեկության կանոնների իրենց իմացությունը, իսկ ոստիկաններն օգնեցին միասին հաղթահարելու հոծ երթեւեկության դժվարությունները: Ամեն ինչ տեսանելի էր, շոշափելի, նաեւ հաղթահարելի՝ եթե գիտես երթեւեկության կանոնները: Այսուհետ այս փոքրիկները ոստիկանության ընձեռած յուրօրինակ հնարավորության շնորհիվ ինքնուրույն կյուրացնեն երթեւեկության կանոնները, կսովորեն ճանապարհային նշանները, կամրագրեն այդ կանոններն անվերապահորեն պահպանելու գիտակցումը։

Նշենք, որ ծրագրի իրականացմանը ոգեւորությամբ արձագանքեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը եւ նպաստեց, որ ոստիկանության գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն դառնա: Ծրագիրն իրականացնելուն աջակցեց նաեւ «Անտարես» հրատարակչությունը։ Ոստիկանության աշխատակիցներն առաջիկայում ուսուցողական խաղ-ձեռնարկներ կտրամադրեն նաեւ Գյումրիի առաջին դասարաններին։

Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նրանով, որ առջեւում ամառային արձակուրդներն են, եւ դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները երթեւեկության կանոնների իմացության անհրաժեշտությունն անպայման ունենալու են: Իսկ ընդհանրապես, երեխաների դաստիարակությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության ծրագրերը շարունակական են լինելու:

Back to top button