Ցեղասպանություն 100Քաղաքական

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության մասին եւս մեկ հայտարարություն կընդունի

lusinevasilyan

Ռուսաստանի Րետդուման ապրիլին պատրաստվում է Հայոց  ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունել, օրերս Երևան կատարած այցի  ժամանակ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման  հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ հիշեցնելով, որ Պետդուման դեռևս 1995-ին  ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություն, բայց պատրաստվում է ևս մեկ անգամ անդրադառնալ խնդրին՝ 100-րդ տարելիցին ընդառաջ: Հանձնաժողովի նախագահը նաև նշել էր, որ ապրիլի 24-ին Պետդումայի պատվիրակությունը կլինի Երևանում։ 

1995-ին ՌԴ Պետդուման ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, բայց ապրիլին ևս մեկ ուղերձով հանդես կգա, Երևանում հայատարարեց Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նրա ղեկավարությամբ պատվիրակությունը Երևանում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ երրորդ  համատեղ նիստի անցկացման առիթով:

Նիստի ավարտին կողմերը հայտարարություն ընդունեցին, որի կետերից մեկը վերաբերում էր Ցեղասպանությանը: Ձևակերպումների հարցում , սակայն, հայ և ռուս պատգամավորները տարակարծություն ունեցան:  Համատեղ հայտարարության նախնական տարբերակում տեղ էր գտել հետևյալ դրույթը. «Կողմերը ճանաչում և դատապարտում են Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. հայերի նկատամամբ իրագործված ցեղասպանությունը և այլ պետությունների խորհրդարաններին կոչ են անում շարունակել անհերքելի փաստերի ուսումնասիրությունը»:

Պատմական փաստերն ուսումնասիրելու կոչը  զարմացրեց ու  զայրացրեց հայ պատգամավորներին, մասնավորապես  Ալեքսանդր Արզումանյանին. «Անգամ դժվար է պատկերացնել, որ  այս դահլիճում հավաքված գործինչենրը կարող են կոչ անել այլ խորհրդարաններին ուսումնասիրել պատմությունը: Միակ երկիրը, որ համանման առաջարկ է արել,  Թուրքիան է՝ Էրդողանի շուրթերով»:

Ձևակերպումը անակնկալի էր բերել հանձնաժողովի անդամներից նաև Սամվել ֆարմանյանին: Նա, ի դեպ,  օգտվեց առիթից  ու ռուսաստանցի պատվիրակներին հիշեցրեց ՝ ուղիղ մեկ շաբաթ առաջ Երևանը հյուընկալել էր Եվրանեսթի պատվիրակներին, լիագումար նիստի ավարտին կրկին հայտարարություն ընդունվեց և դրա՝ Ցեղասպանությանը առնչվող դրույթներն, ըստ Ֆարմանյանի, շատ ավելի ուժեղ էին, քան  հայ-ռուսական տարբերակինը։

«Ես չէի կարող պատկերացնել, որ կարող եմ ականտես լինել մի իրավիճակի, երբ մեր գործընկերները Թուրքիային չվնասելու կամ դուր գալու համար կարող են մեջտեղ բերել ձևակերպումներ, որոնք վիրավորում են մեր արժանապատվությունն ու հավաքական հիշողությունը»,- ասաց նա։

Ձևակերպումը փոխվեց:  Ըստ համատեղ հայտարարության վերջանական տարբերակի՝ կողմերը հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու դրա 100-րդ տարելիցի նախաշեմին աշխարհի խորհրդարաններին կոչ են անում ճանաչել ու դատապարտել հայերի Ցեղասպանությունը:

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականների հանդիպումը չշրջանցեց հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերից մի քանիսը: Նախ՝ Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության հեռանկարների մասին: Հայտարարության մեջ փաստվեց, որ Եվրասիական տնտեսական միությունն արդեն իրողություն է և զարգացման մեծ ներուժ ունի։

Պատասխանելով հարցին, թե միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության  ցուցանիշները 2015-ի առաջին երեք ամիսների տվյալներով առանձնապես հուսադրող չեն, Պետդումայի ԱՊՀ հարցերի և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հորդորեց չշտապել.  որոշակի ժամանակ է պետք միության օգուտները քաղելու համար։

Կայանալու համար միությունը ճանապարհ պետք է անցնի, եթե ոչ տասնամյակներ, ապա՝ գոնե տարիներ: «ԵՏՄ-ն նոր է գործարկվում, այն երեք ամսական երեխա է, ի՞նչ ապրանքաշրջանառություն: Մենք ցուցանիշների փոփոխություն ակնկալում ենք այս տարեվեջին: Կարծում եմ արտահանման ու ներմուծման  ցուցանիշները էականորեն կփոխվեն տարվա երկրորդ կեսին, այդ թվում նաև Հայաստանի համար»։

Հայաստանը միության լիիրավ անդամ է, վստահեցրեց Պետդումայի ներկայացուցիչը, ինչին հետևեց լրագրողի հարցը ՝ այդ դեպքում ինչու Հայաստանը չէր մասնակցում վերջերս Աստանայում կայացած ԵՏՄ երկրների նախագահների հանդիպմանը։ Հանդիպումը նախատեսված էր երեք երկրների համար՝ Ուկրաինայի հարցերը քննարկելու նպատակով, նշեց Լեոնիդ Սլուցկին և հավելեց, թե նման հանդիպման նախաձեռնություն վաղուց է եղել` դեռ Մաքսային միության ժամանակներից, որի անդամ Հայաստանը չի էլ եղել:

Չշրջանցվեց նաև Ռուսասատանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Ռուս պատգամավորը նշեց, որ թե Հայաստանը, թեԱդրբեջանը Ռուսաստանի գործընկերներն  են, շեշտեց, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, իսկ Հայաստանին մատակարարում է այլ պայմաններով և հավելեց, որ  թե խնդիրն այստեղ այլ է՝ ժամանակն է լուծել ղարաբաղյան հակամարտությունը։

Back to top button