

Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը: Սա առիթ է, որ թատերական գործիչները ևս մեկ անգամ բարձրաձայնեն ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին, ամփոփեն արվածն ու չարվածը: Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշում է, որ այսօրվա թատրոնը դոփում է տեղում և կշարունակի մնալ նման վիճակում, քանի դեռ չի խրախուսվում թատրոնների գործունեությունը:
Չնայած թատրոնի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին, այնուամենայնիվ թատերական կյանքը շարունակվում է, ասում է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Բեմից հանդիսատեսի հետ կենդանի շփումը հասարակության հոգևոր զարգացման համար կարևոր նշանակություն ունի: Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն իր գործունեության ընթացքում շատ է հանդիպել հանդիսատեսների, ովքեր մեծ խանդավառությամբ են դուրս եկել ներկայացումից, սակայն նշել են, որ բեմադրությունից ոչինչ չեն հասկացել:
Մշակութային միջոցառումները խորհրդային ժամանակների հետ համեմատած այսօր քառապատկվել են, սակայն չեն տալիս սպասվելիք արդյունքները: Ժիրայր Դադասյանը երևույթը համարում է քաղաքային մշակույթի բացակայության հետևանք: Մնջախաղի թատրոնը, նրա ձևակերպմամբ, հենց այդպիսի մշակույթի դրսևորում է, սակայն անհասկանալիորեն նրա գործունեությունն անտեսվում է ու չի խրախուսվում: Օրինակ է բերում շվեդական թատրոնը, որտեղ տարեվերջին ամփոփվում է թատրոնների գործունեությունն ու ըստ արդյունքների հատկացվում գումարներ՝ հետագա ծրագրերը կյանքի կոչելու համար:
Ինչպիսի՞ թատրոն ունենք այսօր, հարցին ի պատասխան մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշում է, որ թատրոնը դեռևս դոփում է տեղում: Քանի դեռ չկա ձևավորված մշակութային քաղաքականություն, քանի դեռ եթերում հնչում է ռաբիս երաժշտություն, թատրոնը կմնա այնպիսին, ինչպիսին որ կա: «Եթերային դաշտն ազատականացվեց, թատրոնն իր տեղը զիջեց КВН-ային հումորներին ու ռաբիս երաժտությանը», կարծում է Դադասյանը։ Մինչև եթերը չմաքրվի աղբից ու տեղ չհատկացվի թատրոնների պրոպագանդային, թատրոնը շարունակ կունենա խնդիրներ: Նրա ձևակերպնմամբ՝ պետք է խրախուսվի այս ոլորտը, որպեսզի նման հաղորդումներ դիտելու անհրաժեշտությունն իսպառ վերանա:
Մնջախաղի թատրոնը կրկին բարձրաձայնում է սեփական տանիքը չունենալու հարցը: Բազմիցս են դիմել պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվել: Դադասյանը բարի նախանձով նշեց, որ ի տարբերություն մեզ, Վրաստանի մնջախաղի թատրոնն ունի երկու շենք, և պատրաստվում են կառուցել ևս մեկը:




