

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախաձեռնությամբ եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ՝ «Հիշողության արթնացում» ծրագրի շրջանակներում Երեւան են ժամանել Դերսիմի տարածաշրջանի 9 գյուղապետ: Նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գյուղապետերը Դերսիմի միությունների դաշնակցության նախագահ Ահմետ Բալկըսի ու Դերսիմի հայերի եւ ալեւիների միության նախագահ Սերկան Սարիատաշի գլխավորությամբ այցելել են նաեւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Երեւանում ծանոթացել են նաեւ Հայաստանի պատմության թանգարանի ու Մատենադարանի ցուցանմուշներին։ Դերսիմցի գյուղապետերն այնուհետեւ հանդիպել են լրագրողների հետ ու կիսվել իրենց տպավորություններով, նաեւ խոսել են դերսիմցիների՝ հայկական ինքնության որոնումների ու արմատներին վերադարձի խնդիրների մասին, ներկայացրել ալեւիների ու զազաների հետ համատեղ ծրագրերը:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշեց, որ նախաձեռնության բուն նպատակը դերսիմցիներին Հայաստանի հետ ծանոթանալու հնարավորություն տալն է՝ Ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ:
Դերսիմի տարածաշրջանի հետ, Արա Պապյանի փոխանցմամբ, արդեն մի քանի տարի աշխատանքներ են տարվում: Այնտեղ անցկացվել են մշակութային փառատոներ, որոնց մասնակցել են նաեւ Հայաստանից գնացած խմբեր: Նկարահանվել է նաեւ «Վերադարձի ժամանակը» ֆիլմը:
Կան դերսիմցիներ, որոնք այլեւս բացահայտ ընդունում են իրենց հայկական ծագումը եւ բացահայտորեն վերադառնում արմատներին եւ անգամ մկրտվում: Շատերը շարունակում են տասնամյակներ տեւած վախի ազդեցությամբ մնալ ծպտյալ: Շատերն էլ իրենց արմատներն ու ինքնությունը գտնելու ճանապարհին տատանումների մեջ են:
Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար է այսօր հստակ ասել, թե դերսիմցիների քանի տոկոսն է հայ: Երբ նման հարց ուղղվեց, պատասխանը եղավ 20-ից մինչեւ 90 տոկոս: Մի բան հստակ է՝ Դերսիմում սկսվել է ինքնության վերադարձի գործընթացը:
Դերսիմի հայերի եւ ալեւիների միության նախագահ Սերկան Սարիատաշն, օրինակ, կարեւորեց հայերենի դասընթացների կազմակերպումը: «Այլեւս անհատականից մենք ուզում ենք անցնել հասարակական շփումների: Հուլիսին տեղի ունենալիք Մնձուրյան փառատոնի ժամանակ կընդունենք նաեւ Հայաստանից եկած հյուրերին»:
Դերսիմի հայերի միության ներկայացուցիչ Միհրան Փրկիչն ասաց՝ ունենք ցավ եւ այսուհետ պիտի մտածենք, թե ինչ կարող ենք մենք միասին անել: «Ցեղասպանությունը այնպես է մարդկանց մեջ մտել, որ մեր Ստամբուլի եղբայներն անգամ դժվարանում են մեր հայությունը ընդունել, որովհետեւ Դերսիմում ապրող մեր բոլոր եղբայրների անունները փոխված են՝ թուրքացված, քրդացված, արաբացված են: Սակայն իրականությունը գաղտնի չմնաց: Մենք արդեն մեզ բացահայտել ենք; Մնում է, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը, Էջմիածնի կաթողիկոսարանը, բոլորը մեզ ընդունեն, ճանաչեն, որովհետեւ մենք արդեն մեզ բացահայտել ենք եւ ուզում ենք մեր եղբայրների հետ այլեւս համատեղվենք»:
Հստակ է նաեւ, որ այսուհետ լինելու են համատեղ միջոցառումներ: Դերսիմցի գյուղապետերն ասացին, որ ստեղծել են համատեղ կազմակերպություններ ու իրականացնելու են համատեղ ծրագրեր: Դերսիմի գյուղապետերն ասացին նաեւ, որ հաշվառել են տարածաշրջանում հայկական եկեղեցիները: Դրանք 162-ն են: Նախաձեռնել են դրանց առանձնահատուկ պահպանությունը, հնարավորության դեպքում՝ նաեւ հիմնանորոգումը:
Աշխատանքներն իրականացնում են Ստամբուլում գործող հայ ճարտարապետների միության հետ համատեղ: Առաջիկայում ընտրելու են տարածաշրջանի եկեղեցիներից մեկը՝ նորոգելու համար:
Գյուղապետերից Էրոլ Սալտըկը շեշտեց, որ թուրքական իշխանությունները, կարեւորելով Եվրամիության հետ իրենց աշխատանքները, դերսիմցիների նախաձեռնություններին ուշադրություն չեն դարձնում, սակայն, ըստ նրա, իրենց վրա ավելի շատ ճնշում են գործադրում Ստամբուլի պատրիարքարանի միջոցով, օրինակ՝ խնդիրներ առաջացնելով մկրտության հարցում:




