

ՀՀ խորհրդարանն այսօր ընդունել է «1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող» հայտարարությունը: Այն ընդունվել է առանց ձեռնպահ եւ դեմ ձայների՝ 117 կողմ քվեարկությամբ:
Չի բացառվում, որ մեկ այլ ցեղասպանության պատգամավորները եւս անդրադառնան առաջիկայում: Երեկվա քննարկումներից հետո պատգամավորներին են դիմել եզդիական տարբեր համայնքների ներկայացուցիչներ՝ նույն Օսմանյան Կայսրությունում նաեւ իրենց նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու առաջարկով:
Նման քննարկում պատրաստվում է նախաձեռնել ԲՀԿ-ն, տեղեկացրեց կուսակցության եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Առաջարկին սկզբունքորեն դեմ չէ Աժ-ի նախագահը:




