

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Ռուբեն Մեհրաբյանն անդրադարձել են օրերս մեդիա համաժողովի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որն առնչվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին: Հիշեցնենք, որ խնդրին նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս Երեւանում կայացած «Արարատի ստորոտում» մեդիա-ֆորումում, որին մասնակցել են աշխարհի 35 երկրի լրագրողներ:
Քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում են, որ նման հայտարարություն առաջին անգամ չի արվում: Տարբեր ատյաններում հնչեցվել է, որ Հայաստանը դժգոհ է այն իրողությունից, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին, նաեւ նշվել է, որ այդ ամենը չի համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն: Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի համար հաճելի չէ, որ զենք են վաճառում Ադրբեջանին՝ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա շեշտեց, սակայն, որ Ռուսաստանն իր շահերն ունի ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ ոչ մի էական նոր բան տեղի չի ունեցել Հայաստանի նախագահի հայտարարությամբ:
«Ինչ-որ մեկը չէ՞ր հասկանում, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ի՞նչ է, սա նորությո՞ւն է, պետք էր, որ Նախագահ Սարգսյանը խոսե՞ր այս մասին, որ հասկանայինք: Ի՞նչ է, առաջին անգամ է այս մասին ասում Հայաստանի որևէ պաշտոնական դեմք: Դուք չե՞ք լսել արտգործնախարարի, պաշտպանության նախարարի հայտարարությունները այս հարցի շուրջ: Պետք չէ խոսքը կտրել ենթատեքստից. Սերժ Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր է, ոչ մի երկիր Հայաստանի համար չի արել ՌԴ-ի արածի մեկ տոկոսի չափով: Նաև ասաց, որ հայ զինվորները հաճույք չեն զգում նրանից, որ իրենց վրա կրակում են ռուսական զենքով»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ այդպիսով նախագահը միջազգայնացրեց Հայաստանին մտահոգող խնդիրը: Բացի այդ առաջիկայում Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահը եւ այդ այցից առաջ նման խնդիրների ու մտահոգությունների մասին բարձրաձայնելը փակում է Ռուսաստանի հնարավորությունները՝ դրանց քննարկումը շրջանցելու առումով:
«Բարձրաձայնվում է հարցերի շրջանակ, որոնք այս պահին հետաքրքրում են Հայաստանին եւ դրանց տրվում է միջազգային հնչեղություն, ինչը, իմ կարծիքով, այլեւս հնարավոր չի լինի, որեւէ պարագայում, Ռուսաստանի համար շրջանցել եւ ուշադրություն չդարձնել այդ խնդրին՝ ապագայի համար»:
Քաղաքագետի խոսքով՝ խնդիրը մշտապես առկա է եղել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում եւ քննարկվել է: Նա բացառում է, որ Հայաստանի իշխանությունները պահանջած չլինեն Ռուսաստանից, որ դադարեցնի նման քանակի զենքի վաճառքն Ադրբեջանին: Ըստ բանախոսի՝ զգալի չափով դրա արդյունքն է, որ Ադրբեջանը չի կարողանում ավիացիոն տեխնիկայի եւ տանկային ու զրահատեխնիկայի նոր խմբաքանակի ձեռքբերման պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, ինչի մասին վերջին մեկուկես տարում գրում է ադրբեջանական մամուլը:
Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, սակայն, հայտարարությունը բավականին զգուշավոր էր, բայց՝ հասցեական: Փորձագետի դիտարկմամբ՝ առանցքայինն ամենեւին էլ այն չէր, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանի հակառակորդին:
«Առանցքայինն այն էր, որ Սերժ Սարգսյանը դա անվանեց «պրոբլեմ», եւ ավելին՝ ասաց, որ այդ պրոբլեմը պահանջում է լուծում, սակայն, չասաց, թե այդ լուծումը ինչպես ենք մենք տեսնում»:
Փուրձագետը նույնպես կարծում է, որ Հայաստանի մտահոգության մասին համապատասխանաբար հայտնվել է Ռուսաստանին, սակայն, ըստ նրա, դա որեւէ կերպով չի ազդել մատակարարումների ծավալների եւ դրանց ողղվածության վրա: Այսինքն՝ խոսքը հարձակվողական եւ ոչ թե պաշտպանվողական զենքի մատակարարման մասին է եւ հասկանալի է, թե դա ում է ուղղված լինելու:
«Փաստորեն պետք է արձանագրենք, որ ժամանակի ընթացքում, անկախ այդ հայտարարություններից, այնուամենայնիվ, հայկական դիվանագիտության ջանքերն անցել են ապարդյուն»:
Վերլուծաբանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը շատ կարեւոր է համարում, սակայն, ուշացած: «Իհարկե, լավ է ուշ, քան ավելի ուշ, քան երբեք»,-բխեցրեց Ռուբեն Մեհրաբյանը: Նա խնդիրը լուծելը շատ բարդ է համարում՝ Հայաստանի՝ ավելի վաղ կատարած ռազմավարական սխալների պատճառով: Ըստ նրա՝ դա է նաեւ Ադրբեջանի լկտիացման պատճառը: Դրանք անհնարին կլինեին, եթե չլինեին ռուսական մատակարարումները՝ եզրակացրեց Ռուբեն Մեհրաբյանը:
Հրանտ Մելիք Շահնազարյանը համոզված է, սակայն, որ հատկապես նման ամբիոնից հարցը հնչեցնելուց հետո, այն կքննարկվի նաեւ ամենաբարձր մակարդակով եւ Հայաստանը հետեւողական կլինի՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը դադարեցնելու պահանջում: Փորձագետի կարծիքով, դա Հայաստանի համար հիմնական եւ գերակա նպատակ պետք է լինի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված ներկայիս մարտահրավերներից ելնելով:




