

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսուհետ կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Վահե Էնֆիաջյանը. որոշումը կայացվել է ԲՀԿ խմբակցության այսօրվա նիստում, որին մասնակցել է 19 պատգամավոր: Կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը լրագրողներին վստահեցրել է՝ ԲՀԿ-ում ֆորսմաժորն ավարտվել է: Փոխարենը` անորոշ է մնում Գագիկ Ծառուկյանի «պատգամավորական» ճակատագիրը։
Հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ն հանդես կգա նոր կարգավիճակով, իրական անդամների նոր թվով, խմբակցության նոր ղեկավարով ու քարտուղարով: Վերջին երկուսի ընտրությունն այսօր կատարել է ԲՀԿ-ական 19 պատգամավոր խմբակցության նիստի ընթացքում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը»:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի փոխանցմամբ՝ այլ թեկնածություններ չեն առաջադրվել, առաջադրվածներն ընտրվել են միաձայն: Սպասվում էր, որ նիստի ընթացքում պետք է պատասխան ստանա նաև հարցը, թե այսօր քանի անդամ ունի ԲՀԿ խմբակցությունը:
Մինչև վերջին զարգացումները ԲՀԿ-ն 36 հոգանոց խմբակցություն էր: Մեծամասնականով ընտրված 3 պատգամավոր դուրս է եկել կուսակցությունից և խմբակցությունից, ևս 11-ը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին: Նրանց, սակայն, ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս լքել խմբակցությունը:
Արդյունքում՝ խմբակցութայն մեջ կուսկացական ԲՀԿ-ականների թիվը 22 է: Նրանցից 2-ը՝ Աբրահամ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, այսօրվա նիստին չեն մասնակցել, չի մասնակցել նաև Գագիկ Ծառուկյանը:
Շարունակո°ւմ է արդյոք ԲՀԿ նախկին առաջնորդը մնալ ԲՀԿ խմբակցության կազմում: «Մենք հիմք ենք ընդունում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ ինքը այլևս որևէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ, հրաժարվում է կուսակցության և խմբակցության ղեկավարի պաշտոններից: Որպեսզի թյուրիմացություններ չլինին, կարող եք կարդալ ԱԺ կանոնակարգ օրենքի 14-հոդվածը»:
ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը նշում է, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից՝ դրա մասին գրավոր տեղյակ պահելով խմբակցության ղեկավարին: Այս դրույթը, սակայն ՍԴ 2009թ. հունիսի 30-ի որոշմամբ հակասահմանադրական է համարվել:
Ըստ ՍԴ-ի՝ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալու ազատությունը սահմանափակվել է մանդատից հրաժարվելու օրենսդրական պարտադրանքով: Արգելքը Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում, քանի որ նա մեծամասնականով ընտրված պատգամավոր է: Բայց ԲՀԿ-ից դուրս գալու դիմում գրել է, թե՝ ոչ՝ այդպես էլ պարզ չդարձավ:
«Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարություն է արել, Վահան Բաբայանն ասել է»,- մնացածն արդեն մեր մեկնաբանության դաշում չէ՝ ասաց խմբակցության նորընտրիր ղեկավարը:
Փոխարեն՝ը Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ առաջիկա քառօրյայում ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալու մասին հայտարարությունը կհնչի: Ինչ վերաբերում է սահմանդրական բարեփոխումների նկատմամբ դիրքորոշմանը, ապա ԲՀԿ-ում հարցը դեռ չեն քննարկվել:




