
Նախօրեին Կարսում «Ալիևի անվան տեխնիկական վարժարանի» բացման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել:
Արարողակարգի համաձայն՝ նախագահների ելույթներից առաջ պետք է հնչեին երկու երկրների պետական օրհներգերը: Թուրքիայի հիմնը հնչել է, մի քանի րոպե լռությունից հետո պարզվել է, որ կազմակերպիչները պարզապես մոռացել են եղբայրական պետության օրհներգի մասին:
«Զաման»- ը փոխանցում է, որ Էրդողանը պահանջել է շտկել սխալը:Թուրքիայի նախագահին է մոտեցել կրթության նախարարը, որն այդ ընթացքում համացանցից գտել է Ադրբեջանի հիմնը, սակայն դժվարացել է ստույգ ասել՝ իսկապե՞ս այդ երաժշտությունը հարևան երկրի օրհներգն է։
Նախարարը հեռախոսը մոտեցրել է Էրդողանի ականջին, պարզվել է, որ Թուրքիայի նախագահը նույնպես չգիտի եղբայրական երկրի օրհներգը: Սխալմունք թույլ չտալու համար Էրդողանը որոշել է ճշտել Ալիևից, և ստանալով նրա դրական պատասխանը, մոտեցել է ամբիոնին՝ ելույթը սկսելով այսպես. «Նախ ուղղենք արարողակարգի սխալը` միասնաբար լսելով Ադրբեջանի օրհներգը»:




