

«Աշխարհաքաղաքական արդի իրողություններ, տարածաշրջանում բնիկ փոքր ժողովուրդների պաշտպանության եւ այլ հիմնախնդիրներ». այս խորագրով քննարկում է կազմակերպել «Նոյյան տապան» մամուլի ակումբը: Թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը, հրապարակախոս, հասարակագետ Կարինե Հակոբյանը եւ սփյուռքահայ ազգային գործիչ Գառնիկ Սարկիսյանը:
Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, հասկանալու եւ ընկալելու խնդիր կա: Ըստ էության՝ ընթանում է պատերազմ, որի մեջ ներքաշված են մեր բոլոր հարեւանները: ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ՝ զարգացումները բավականին վտանգավոր են փոքր, բնիկ ժողովուրդների համար եւ դա նորություն չէ մեր տարածաշրջանում:
«Այսօր տեղի ունեցողը, փաստորեն, շատ ավելի մեծ երեւույթ է, նրա հնարավոր ընթացքը շատ ավելի դժվար կանխատեսելի է»,- ասում է աստվածաբանը՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:
Պետք է հասկանալ եւ ճշգրիտ քայլեր անել: Սխալները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ, հավելում է նա։
Հրապարակախոս, հասարակագետ Կարինե Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը պարտադրում է, որ Հայաստանը երբեք չլինի չեզոք, ինչը բացասական իմաստով կարող է ճակատագրական լինել: «Մենք պիտի ունենանք մեր քաղաքականությունը եւ ակտիվ քաղաքականությունը, ոչ թե կրավորական քաղաքականություն՝ այս աշխարհաքաղաքական իրավիճակում»:
Կարինե Հակոբյանը կարծում է, որ տեղի ունեցողը նաեւ պատերազմ է հին քաղաքակրթության դեմ: Այդ առումով, ըստ նրա, հայ ժողովուրդը կարող է պատմությունից քաղած իր դասերով օգտակար լինել ԻԼԻՊ-ի թիրախում հայտնված փոքր ժողովուրդներին։
Սփյուռքահայ ազգային գործիչ Գառնիկ Սարկիսյանի խոսքով՝ լինելով փոքր ժողովուրդ՝ պիտի զգոն լինենք եւ արթուն՝ տարածաշրջանային ներկայիս զարգացումների նկատմամբ։ «Այսօր աշխարհաքաղաքական վիճակը շատ լարված է Հայաստանի շուրջ: Մենք նրա մեջ դեռ չունենք որեւէ բան, կարող է որեւէ պահ պատահել, որ մենք դառնանք ակամա զոհերը. մենք ո՛չ պետական մասշտաբով ենք պատրաստ, ո՛չ էլ ժողովրդական»:
Ազդեցություն ունենալու համար էլ անհրաժեշտ են համարժեք տվյալներ: Ըստ Գառնիկ Սարկիսյանի՝ անհրաժեշտ է ե՛ւ տնտեսապես ուժեղ լինել, ե՛ւ ռազմական առումով, ե՛ւ ժողովուրդ- պետություն ամուր հարաբերություններով: Հենց դրանք են արտաքին քաղաքական գործունեությունն արդարացնող պայմանները:




