Միջազգային

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում

Տեղի ժամանակով 7.00-ին ավելի քան 3.2 հազար ընտրատեղամաս է բացվել Իսրայելում այսօր մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Ընտրությունների արդյունքներով կորոշվի քնեսետի 20-րդ գումարման կազմը՝ հաղորդում է TASS-ը: Մասնակցության համար գրանցվել են 26 դաշինք և կուսակցություններ, սակայն, ըստ սոցիոլոգների, անհրաժեշտ շեմը կարող են հաղթահարել միայն 11-ը:

Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ հաղթանակի են հավակնում ձախակենտրոն «Սիոնիստական ճամբար» դաշինքը՝ Իցհակ Գերցոգի և Ցիպի Լիվնիի գլխավորությամբ, որը կարող է ստանալ 25 պատգամավորական մանդատ, և գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, որը կարող է խորհրդարանում զբաղեցնել 21 տեղ:

Ըստ հարցումների՝ երրորդ տեղում կարող են հայտնվել «Միացյալ արաբական ցուցակ» արաբական կուսակցությունների միությունը, որը կարող է ստանալ 13 մանդատ:

4-րդ տեղում առայժմ ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդի «Յեշ Աթիդ» կուսակցությունն է (12 մանդատ), 5-րդում՝ արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» ռուսախոս իսրայեցիների կուսակցությունը (5 մանդատ):

Back to top button