Հասարակություն

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին արձանագրվել է պասիվ մասնակցություն

satikisahakyan

Երեկ Արմավիրի մարզի 6 համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում գործող համայնքի ղեկավարներից չի ընտրվել Նոր Արմավիրի գյուղապետ Կարեն Գրիգորյանը: Հովտամեջ գյուղում և Արմավիր քաղաքում միայն մեկ թեկնածու էր մնացել՝ գործող ղեկավարները, իսկ Հայկավանում  հինը չի առաջադրվել և այստեղ նոր ղեկավար է ընտրվել՝ «Գազպրոմ- Արմենիա»- ի Արմավիրի մասնաճյուղի ճարտարագետ Ռուբեն Ղազարյանը:  

Ջրաշեն համայնքում էլ կայացել են ավագանու անդամների ընտրություններ, որին ցուցաբերվել է 55 տոկոս մասնակցություն:  Արմավիր քաղաքում ընտրողներն ավելի պասիվ են եղել, քան՝  գյուղերում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սովորաբար մեծ է լինում մասնակցություն: Հենց այդպես էլ ընթացան  այն համայնքների ընտրությունները, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ էին երկուական թեկնածուներ: Այս առումով ավելի բարձր ցուցանիշ  գրանցվեց Նոր Արմավիր գյուղում, որտեղ  գործող գյուղապետ Կարեն Գրիգորյանի հետ ընտրապայքարում էր Արթուր Ավետիսյանը:

Նոր Արմավիրում 1497- ից ընտրությանը մասնակցել է 976 ընտրող  կամ մասնակցությունը կազմել է  65,1 տոկոս։ 45 քվեի տարբերությամբ գործող գյուղապետը պարտվել է  Արթուր Ավետիսյանին:

Մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Նալբանդյան գյուղում՝ 63,1 տոկոս: Գործող գյուղապետի մրցակիցը Արգիշտի Հարությունյանն էր: 433 ձայնի առավելությամբ գործող գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը վերընտրվեց։

Հայկավան գյուղում ընտրություններն անցել են ավելի լարված մթնոլորտում, քվեարկողները գրեթե մենակ չեն եղել քվեախցում, ընտրացուցակների մոտ հիմնականում կուտակումներ են եղել, և ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Ռուբեն Ղազարյանի կողմնակիցները շարունակ ուղղորդել են ընտրողներին քվեարկություն կատարելիս, կամ էլ օգնել են քվեարկելիս: Հայկավանում ընտրությունների նախնական տվյալներով՝  ցուցաբերվել է 59,2 տոկոս մասնակցություն։ Այստեղ  531 ձայնի առավելությամբ Ռուբեն Ղազարյանն ընտրվել է համայնքի ղեկավար:

Համեմատաբար պասիվ մասնակցություն է եղել Հովտամեջ գյուղում և Արմավիր քաղաքում, որտեղ գործող համայնքի ղեկավարները չունեին մրցակիցներ:

Հովտամեջում  ընտրողների ընտրացուցակային 909 թվից մասնակցել է 353 ընտրող կամ ցուցաբերվել է 38,8 մասնակցություն: Գործող գյուղապետ Արմեն Սարգսյանին կողմ է քվեարկել 336 ընտրող, 4 դեմ, 13 անվավեր քվեաթերթեր են գրանցվել:

Արմավիր քաղաքում դարձյալ նուն պատկերն է 32,5 տոկոս մասնակցություն է ցուցաբերվել։  Նշեմ, որ Արմավիրում գրանցված 6 թեկնածուից 5-ն ինքնաբացարկ հայտնեց և գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը մնացել էր միակ թեկնածուն:

Արմավիր քաղաքում ընտրողների ընտրացուցակային թիվը 28421 ընտրող է, որոնց մեծ մասը  արտերկրում է: Ընտրացուցակներում մնացել են նաև այն ընտրողները, ովքեր տարիներ առաջ վաճառել են տները և տեղափոխվել այլ հասցեներ բնակվելու: Արմավիր քաղաքում գործել է 16 ընտրական տեղամաս, որտեղ մեծ մասամբ ընտողների մասնակցությունը տատանվել է 18-25 տոկոսի միջև, սակայն 2  ընտրատեղամասերում  գրանցվել է ռեկորդային ցուցանիշ 21/14 ում  ՝66 տոկոս մասնակցություն, 21/13-ում 62,5 տոկոս, 21/5-ում՝ 57,6 տոկոս:

Ընտրությանը մասնակից 9246 ընտրողից Ռուբեն Խլղաթյանին կողմ է քվեարկել  8169 ընտրող, դեմ 810-ը, անվավեր է ճանաչվել 265 քվեաթերթիկ:

Ընտրություններն Արմավիրում սկսվել ու ավարտվել  են սահմանված ժամին: Ընդհանուր առմամբ՝ Արմավիր քաղաքում ընտրություններն անցել են հանգիստ, առանց արտառոց միջադեպերի, սակայն  նկատվել են խախտումներ, որոնք գրանցել են դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները:

Ընտրողների ակտիվություն նկատվել է կեսօրից հետո 2-3 ժամվա ընթացքում, ինչպես նաև երեկոյան ժամերին: Արմավիր քաղաքի  21/3  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սաշա Վարդանյանը նշեց, որ մասնակիցների ակտիվություն նկատվել է առավոտյան ժամը 8-ին, , հետո 11-13-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև երեկոյան 18- ից 19-30 –ը:

Այս ընտրատեղամասում առավել ակտիվ էր հանձնաժողովի 2 անդամ ՝ ԲՀԿ ներկայացուցիչն ու ԸԸՀ-ից նշանակված ՀՀԿ Բաղրամյանի երիտթևի ներկայացուցիչը, որոնք շարունակ հայտնվում էին ընտրացուցակների մոտ ուղղորդում ընտրողներին, կամ դուրս էին գալիս ընտրատեղամասից և զանգերի միջոցով ընտրողներ բերում քվեարկության: Այս ամենը չի վրիպել ընտրությանը հետևող լրագրողների և դիտորդների աչքից, սակայն աչք էր փակել հանձնաժողովի նախագահը:

Տիգրան Բալայանը ընտրությանը հետևել է առավոտյան ժամը 7-ից և նկատելով թերությունները ահազանգել էր 21-րդ ԸԸՆ նախագահին, սակայն զգուշացումից հետո նույնը կրկնվել է: Այս ընտրատեղամասում ՀՀԿ Արմավիրի երիտթևի նախագահը փորձել էր  քվեարկություն կատարել մոր փոխարեն, որը նույնպես կանխվել էր դիտորդի զգուշացմամբ: Գրանցվելուց հետո քվերկություն չկատարվեց, սխալն ուղղվեց քվերկողն իր անձնագրով ներկայանալու դեպքում: Այլ ընտրատեղամասում էլ  կրկնակի քվեարկություն է կատարել նույն մարդը:

Դիտորդներն իրենց դիտարկումները կներկայացնեն ավելի ուշ: Իսկ այսօր մինչև ժամը 18-00  Արմավիրի մարզի 20 և 21 ԸԸ հանձնաժողովները կսպասեն բողոքների ներկայացմանը:

Կարդացեք նաև

Back to top button