
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: «Ամսվա գիրք» կընտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած հրատարակությունները:
Ինստիտուտը մարտ ամսվա գիրք է ճանաչել Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը։ Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին։




