

Ադրբեջանը չի մասնակցում Երեւանում վաղը մեկնարկող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին։
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձանժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ռադիոլուրին» ասել է, որ Ադրբեջանի չմասնակցելը այդ երկրի վերաբերմունքն է ոչ թե Հայաստանի, այլ Եվրանեսթի նկատմամբ:
« Ադրբեջանը որպես չմասնակցության պարզաբանում մի քանի պաշտոնական նամակ է ուղարկել Եվրանեսթի վեհաժողովի ղեկավարությանը, բյուրոյի անդամներին: Նշել են, որ իրենք չեն կարող մասնակցել, որովհետեև Եվրոպական պառլամենտը քննադատել է այդ երկրում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները, որովհետև կոնֆլիկտի առկայությունը թույլ չի տալիս մասնակցել և այլն: Վստահ եմ՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղակի թույլ չեն տվել գալ Հայաստան։ Իհարկե՝ ցանկալի կլիներ, որ գային: Կարծում եմ՝ սա Ադրբեջանի վերաբերմունքն է ոչ թե Հայաստանի, այլ Եվրանեսթի նկատմամբ և Եվրոպական խորհրդարանը պետք է հետևություններ անի»,- ասել է Արտակ Զաքարյանը։
Իսկ մինչեւ լիագումար նիստը այսօր նախատեսված են Եվրանեսթի 4 մշտական հանձնաժողովների նիստերը , իսկ միջոցառումների մեկնարկը տրվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ վեհաժողովի պատվիրակների համատեղ քննարկմամբ:
Հիմնական թեմաները Արևելյան գործընկերության ձեռքբերումներն ու մարտահրավերներն են, տարածաշրջանում ստեղծված ռազամավարական նոր իրավիճակն ու Եվրոպական քաղաքականության վերանայման հարցը Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ:
Քաղաքացիական ֆորումի ներկայացուցիչներն արձանագրել են Ադրբեջանի բացակայության փաստը՝ ընդգծելով, որ անկախ երկու երկրների միջև առկա խնդիրներից՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է չբացառեն համատեղ քննարկման այս հնարավորությունը:
«Հարցը քննարկվել է Եվրանեսթի բյուրոյում, Ադրբեջանին նամակ է ուղարկվել` վերանայելու Երևանում անցկացվելիք նիստին չմասնակցելու որոշումը, բայց պատվիարկությունը չի մասնակցում», տեղեկացրել է ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահը:




