Հասարակություն

Բարերար գերդաստանի մոռացված պատմությունը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Թբիլիսիում ներկայացվել է «Անանյան-Հովնանյանների  ոտնահետքերով» գիրքը:  « Մենք իսկապես գնացել ենք նրանց մոռացված ոտնահետքերով. Ռուսատանում, Հայաստանում ու Վրաստանում որոնել  ու գտել ենք  նրանց մասին հետաքրիր պատմություններ»,- «Ռադիոլուրին» ասել է  գրքի հեղինակը` «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:  Պատմական ու ճամփորդական ոճով գրված այս գիրքը ներկայացնում է ոչ միայն  անվանի գործարար ու բարերար Հովհաննես Անանյան-Հովնանյանին ու նրա բարեգործությունները, այլև նրա ողջ գերդաստանի պատմությունը:

Թիֆլիսահայ բարերարներ  Անանյան-Հովնանյանների մասին թերևս շատ քչերը ամբողջական տեղեկատվություն ունեն:  Եթե Արամյանցն ու Մանթաշովը անհատականություններ էին, ապա այս պարագայում խոսքը գնում է մի ամբողջ գերդաստանի մասին, որը բարեգործություններ էր անում Մոսկվայում ու Վրաստանի  տարբեր վայրերում, ասում է այս գերդաստանի մասին գրքի հեղինակը՝ Սերգո Երիցյանը։

«Ի դեպ՝ այս գիրքը ստեղծելու գաղափարը սկիզբ է առել հենց այստեղ, այս հարթակում («Հայարտուն» կենտրոն. Խմբ.).  երբ ես ներկայացրեցի Միքայել Արամյանցի  մասին պամող  ֆիլմը,  հարցրեցի` հաջորդը ո՞վ է։ Երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանը խորհուրդ տվեց  Անանովներին անդրադառնալ»։

Թիֆլիսի հայկական կյանքի տարեգիրը՝ լուսահոգի Սարգիս Դարչինյանը, իր ուսումնասիրությունների ընթացքում որոշ տեղեկություններ  գտել  էր Անանովների, նույն Անանյան-Հովնանյանների մասին, սակայն դա  քիչ էր  գիրք կամ մի փոքր ֆիլմ ստեղծելու  համար:

«Անկեղծ ասած ես շատ բան չգիտեի նրանց մասին.  ու այդպես սկսվեցին իմ որոնումները:  Հովհաննեսը`գերդաստանի ավագ եղբայրը, Մոսվայում է գործել, սակայն բարեգործություններ հիմնակնում արել է Թիֆլիսում: Նա  է հիմնադրել Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը:  Իսկ մյուս երկու եղբայրները` Ալեքսանդրն ու Հովսեփը գործել են Թիֆլիսում: Այսինքն՝ այս գերդաստանն ունեցել է Թիֆլիս-Մոսկվա առանցքը` գործելով ողջ հայության համար»:

Երցյանը իր ստեղծագործական խմբով ու թիֆլիսահայության աջակցությամբ հասել է Վրաստանի արևմտյան շրջան` Իմերեթիա, որտեղ, պարզվում է, Անանյան-Հովնանյանները հսկայական գործունեթյուն են ծավալել:  Այստեղ նրանք  մեծ ներդրում են  ունեցել խաղողագործության ու գինեգործության մեջ` աշխարհում հայտնի դառնալով  որպես բարձրորակ գինի, կոնյակ, շամպայն արտադրողներ:

Այս շրջանի գյուղացիները գիտեն ովքեր են Անանովները.  այդ գերդաստանի մասին նրանց նախնիների պատմածները  այսօր նույնիսկ լեգենդի են  վերածվել.  «Անանովները այսօր էլ այստեղ են։ Գնանք Անանովի աղբյուրը,  սա էլ Անանովի լիճը…»,- այսպես տեղացիները պատմել ու ցույց են տվել այն, ինչ կապված է Անանովների անվան հետ:

Թիֆլիսահայ  Յուրի Մկրտումյանցը, ով խմբի հետ եղել է Իմերեթիում, շատ բան գիտի Անանյան- Հովնանյանների մասին, սակայն այն, որ Քութաիսի մոտակայքում գտնվող Աջամեթի անտառը հիմնել են նրանք, առաջին անգամ լսեց տեղացիներից:  Ի դեպ՝ այս առիթով ժամանակի մամուլը տեղեկատվություն է թողել: «Русские ведомости» թերթը 1888 թվականի հունիսի 13-ին գրում է. «Բաղդադիից է սկսվում Աջամեթի ճանաչված հրաշալի անտառը, որը ոչ հեռու անցյալում պատկանում էր պետական գանձարանին: Այն գանձարանից որպես նվեր ստացավ Կովկասի փոխարքայի՝ իշխան Սվյատոպոլի նախկին օգնական Միրսկին, ով վաճառեց մոսկովյան մեծահարուստ Ի. Ա. Անանովին»։

«Եվ այս մարդիկ  լավ անուն թողեցին. մինչև հիմա գյուղացիները  սպասում են, որ Անանովների նման մարդիկ կգան և ամեն ինչ տեղը կընկնի այս շրջանում,  որովհետև այնտեղ հիմա ոչ կոնյակ, ոչ գինի, ոչ էլ  շամպայն չի արտադրվում …»,- ասում է «Լոռվա ձոր»- ի ղեկավարը։

Անանյան-Հովնանյանների  շառավիղներից շատերը հայտնվեցին արտասհամանում, ինչպես Ալեքսանդր Անանոֆը, (կրում է պապի անունը), որ համարվում է ֆրանսիական աստղագնացության հիմնադիրը: Նա կյանքից հեռացել է 90-ականների սկզբին:  Սակայն կենդանի է  նրա  որդին` Կլոդը, ով գրքի հեղինակի հավաստմամբ մի օր կհյուրընկալվի Թբիլիսիիում: «Մենք  պարտավոր ենք պատմել այս հրաշալի տոհմի մասին, քանի որ նրա յուրաքանչյուր անդամ իրեն նվիրեց ազգային խնդիրներին: Նրանք ստեղծեցին, արարեցին՝ չմոռանալով իրենց արմատները, որ գալիս են Արևմտյան Հայաստանից»:

Սերգո Երիցյանը պատրաստվում է հաջորդ անգամ Թբիլիսիիում ներկայացնել Ցարական կայսրության հայազգի հայտնի զորավար  Լորիս-Մելիքով մասին պատմող ֆիլմ:

Back to top button