
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է միջպետական համաձայնագրի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթի հաղթողների անունները, հայտնում են ԿԳՆ- ից։
Միջոցառմանը մասնակցել են բոլոր երեք` բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները:
Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի ՉԺՀ-ի բուհերում ուսումնառություն ստանալու իրավունք է ստացել 11 դիմորդ: Նախարարն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Արմեն Աշոտյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին:
Սիջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ։




