Հայ գերին Ադրբեջանի դատարանում ներկայացվում է որպես դիվերսանտ
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին հայ-ադրբեջանական շփման գծի Աղդամի հատվածում գերի ընկած Արսեն Բաղդասարյանին, որին Բաքվում փորձում են ներկայացնել որպես հետախույզ-դիվերսանտ, Ադրբեջանի ռազմական դատախազությունը միանգամից մի քանի մեղադրանք է առաջադրել և գործը ուղարկվել դատարան:
Անցյալ տարեվերջին, անդրադառնալով Աղդամի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական փորձի մասին Բաքվի հաղորդած տեղեկությանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկել էր, որ տվյալ անձը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Նշենք նաև, որ Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային իրավունքի ոտնահարման ևս մի վառ օրինակ է. գերեվարումից հետո 1,5 ամիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ չեն տվել հանդիպել հայ գերու հետ: