Հասարակություն

Կառավարություն նիստը՝ այսօր

hasmikdilanyan

Կառավարության հերթական նիստն այս շաբաթ տեղի կունենա ոչ թե հինգշաբթի, այլ այսօր՝ մարտի տասին: Ի թիվս մի շարք որոշումների նախագծերի, Կառավարությունն այսօր հաստատելու է Սփյուռք ամառային դպրոց 2015թ ծրագրին: Ծրագրի նպատակն է հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությունը օժանդակելը, համայնքներում առկա ներուժի հաշվառումը, համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցությունը՝ հայերենի ուսուցման, իմացության մակարդակի բարձրացման, Սփյուռքի տարբեր բնագավառների գործիչների, համայնքների ներկայացուցիչների, ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների մասնագիտական գիտելիքների ընդլայնման նպատակով իրականացվող 6 դասընթացների իրականացման միջոցով: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել 2012-2014թթ ամառային դպրոցի ծրագրի իրականացման արդյունքները: Նախագծի հիմնավորման համաձայն, ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2015 թվականին վեց դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 250 սփյուռքահայ: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:

Մեկ այլ նախագծով էլ կառավարությունը կհաստատի, Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկը:  Ծրագրի նպատակն էր աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակվելով ընտանիքներում` մոտիկից ծանոթանալ հայ ընտանիքի սովորույթներին, ավանդույթներին, իր հասակակիցներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային ինքնության ամրապնդմանը, ազգային գիտակցությունը հզորացնելուն, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, նպաստել երիտասարդության հայադարձությանը: Ծրագրին մեծապես նպաստեց սփյուռքյան կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը:

2014 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցեց ավելի քան 1000 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 31 երկրից, իսկ ճամբարային օրերին ծրագրի շրջանակներում մասնակցություն ունեցան նաև 80 երիտասարդ Արցախից, 16՝ Սիսիանից: Ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպվել են ուսուցողական ծրագրեր, հայրենագիտության ինտերակտիվ դասընթացներ` հանրապետության հմուտ մանկավարժների կողմից, հայկական պարերի դասընթացներ, մշակութային ծրագրեր` այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցություն մի շարք համահայկական ծրագրերի, ճանաչողական հանդիպում-այցելություններ` հանդիպումներ ՀՀ պետական բուհերում, զորամասերում, գիտության, մշակույթի, սպորտի հայտնի անհատների հետ, hրաժեշտի միջոցառումներ, որոնց ժամանակ ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ պաշտոնատար այրերի հետ: «Արի տուն» ծրագրի բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր` ծրագրին մասնակցելու համար, «Արի տուն» տարբերանշանով շապիկ, գլխարկ, ինչպես նաև այլ գրքեր և հուշանվերներ:

2015 թվականին ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում ակնկալվում է գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում:

Back to top button