Պաշտոնական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարարին

Մարտի 9-ին Լյուբլյանա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարլ Էրյավեցի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերազանց, բարեկամական է գնահատել հայ-սլովենական հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ Էդվարդ Նալբանդյանի այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խորացնել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը Սլովենիայի հետ, և դա է իր այցի հիմնական ուղերձը։
Բանակցությունների ընթացքում նախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարլ Էրյավեցը պայմանավորվել են հավելյալ ջանքեր գործադրել՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով:
Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համաձայնել են երկու երկրների խորհրդարաններին առաջարկել ձևավորել պատգամավորական բարեկամության խմբեր: Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաև մշակութային փոխանակումների ակտիվացումը, գիտակրթական ոլորտում համագործակցության աշխուժացումը և ապակենտրոնացված փոխգործակցության ձևավորումը։
Նախարարները անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնվելով ԵՄ հետ վերջին տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա՝ խորացնելու ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին։
Նախարար Նալբանդյանը նախարար Էրյավեցին ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Սլովենիայի փոխվարչապետը վերահաստատել է իր երկրի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան գործընթացների և Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան:
Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամլո ասուլիս։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Լյուբլյանայի համալսարանում։ Ելույթից հետո արտգործնախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի։

Back to top button