Հասարակություն

Ուկրաինայի նախագահը ցավակցել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդի մահվան կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցավակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի մահվան կապակցությամբ։

«Խորը կսկիծով տեղեկացա արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի մահվան լուրը։ Կյանքից հեռացավ եկեղեցական ականավոր գործիչը, Ուկրաինայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը։ Նա շատ ջանքեր է գործադրել  պետական-եկեղեցական փոխհարաբերությունների զարգացման եւ միջկրոնական կառուցողական երկխոսության համար»,- ասել է Պյոտր Պորոշենկոն։

Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը հանկարծամահ էր եղել մարտի 7- ին՝ հյուրանոցում՝ Խարկով այցի ընթացքում։

 

Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել 1946թ. Հայաստանում, Էջմիածին քաղաքում:
     1960թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1965թ. արժանացել է սարկավագական ձեռնադրության:
    1966թ. ավարտել է ուսումը, 1966-1967թթ. շարունակել է ուսումը Զագորսկում` Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում:
     1967-1968 թթ. նշանակվել է Հայ Եկեղեցու պաշտոնական «Էջմիածին» ամսագրի խմբագրության քարտուղար:
     1969թ. սկզբում նշանակվել է ծառայության Օրջոնիկիձեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
     Նույն թվականի հոկտեմբերին ձեռնադրվել է աբեղա եւ նշանակվել Դոնի Ռոստով քաղաքի հայկական համայնքի հոգեւոր հովիվ:
     1971թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Ֆրանսիա` ուսումը շարունակելու Լիոնի Կաթոլիկ համալսարանում՝ միաժամանակ ծառայելով տեղի հայկական եկեղեցում:
     1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում` Ուկրաինայում:
     1975թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան:
     1975-1979թթ. աստվածաբանական ուսումը շարունակել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում՝ հովվական ծառայություն մատուցելով  Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում:
     1979-1980թթ. եղել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանի տեսուչ:
     1981 թ. նշանակվել է Բուենոս Այրեսի առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ, իսկ 1982 թ. ընտրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ:
     1983 թթ. Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 1990 թ. նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ:
     1992 թ. Գյումրի քաղաքում հիմնադրել է Շիրակի հոգեւոր ընծայարանը:
     1992թ. ստացել է արքության պատիվ եւ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ:
     1998-1999թթ. Գրիգորիս սրբազանը ժամանակավորապես կատարել էր Մոլդովայի Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության համակարգողի պարտականությունները:
     1999-2001 թթ. եղել է Հայ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդական փոխանորդ:
     2001 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:

Back to top button