Տնտեսական

Վ. Խաչատրյան. Հայաստանի տնտեսությունը նախաճգնաժամային վիճակում է

lianaeghiazaryan

Այսօր մեր տնտեսությունում նախաճգնաժամային վիճակ է: Դեկտեմբերին տեղի ունեցածը արտարժութային ճգնաժամ էր, իսկ դա շատ արագ հետագայում վերափոխվում է բանկային ճգնաժամի։ Մենք հիմա բանկային ճգնաժամի հետ ենք բախվում:  Սա մի իրավիճակ է, երբ վարկ չեն տալիս, բանկերը տոկոսադրույքները բարձրացնում են, ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Իսկ գնաճի վերաբերյալ նրա դիտարկումները տարբերվում են ԱՎԾ-ի ներկայացրել լավատեսական պատկերից:

2015թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում: Հայրենի վիճակագիրները սա հիմնականում պայմանավորում են  պարենային ապրանքների 0.7% գնանկումով: Պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ, գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների ընդհանուր մակարդակի համապատասխանաբար 0.2% և 0.7% հավելաճ:

Մինչ վիճակագիրները երկրում գնային փոփոխությունները միայն նվազման ուղղությամբ են պատկերում, տնտեսագետները նոր մտահոգություններով են հանդես գալիս: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը համոզված է` Հայաստանի Կենտրոնական բանկի վարած քաղաքականության հետևանքով մարդկանց վատ ապրելու հաշվին  միայն Հայաստանում այս տարի շատ բարձր գնաճ չի արձանագրվի:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու եւ 10.5 տոկոս սահմանելու որոշմանը` Խաչատրյանը վստահություն է հայտնում, որ առաջիկայում ևս Կենտրոնական բանկը նման մեթոդով ճնշելու է գնաճը, բայց նաեւ ֆինանսներից զրկելու է ժողովրդին. մարդիկ վատ են ապրելու, բայց էական գնաճ չի լինելու: Այսինքն՝ մարդկանց վատ ապրելու հաշվին գնաճ չի լինի:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, տնտեսագետի կանխատեսումներով, հանգեցնելու է տնտեսության սառեցմանը: «Այդ գործիքի միջոցով Կենտրոնական բանկն առեւտրային բանկերի համար թանկացնում է փողը, իսկ թանկ փողը ստիպում է անցնել բարձր տոկոսադրույքի, այսինքն՝ վարկերի տոկոսադրույքները բարձրանում են: Դա նշանակում է տնտեսությունը զրկել ֆինանսական ռեսուրսներից, ինչը տանելու է տնտեսության սառեցմանը:

Առանց այն էլ վարկավորման ծավալները նվազել են: Սա նաև փոքրացնում է բանկերի մարժան, որը վերցված փողի և տրված տոկոսի տարբերությամբ է գոյանում: Սա էլ կրճատում է բանկի շահութաբերությունը, աշխատակիցների աշխատավարձերը, մանրամասնում է Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դրսից եկող գնաճի ազդակներն են Հայաստանի ԿԲ-ին ստիպում այսօր նման որոշումներ կայացնել: Հայաստանում նկատվում է ներմուծվող ապրանքների թանկացում: Տնտեսագետը նկատում է, որ այսօր Հայաստանում տարբեր ոլորտներում խնդիրներ են առաջանում՝ շրջանառությունը նվազում է, խանութներ են փակվում, այսինքն՝ տնտեսական ակտիվությունն իջած է:

«Իրացման շուկաներ չունենք, ներմուծվող ապրանքի գինը բարձրանում է: Դրան գումարած այն, որ մենք համագործակցում ենք մի երկրի՝ Ռուսաստանի հետ, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառված, և տնտեսական նոր անկումներ են սպասվում այդ երկրում: Սրանք բոլորը բացասաբար են անդրադառնում եւ անդրադառնալու մեր տնտեսության  վրա»,- ընդգծեց նա:

Back to top button