Հասարակություն

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Կարապետյանը

Մարտի 8-ին երկարատև հիվանդությունից հետո 65 տարեկան հասակում մահացել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Ալեքսան Համբարձումի Կարապետյանը:

Ալեքսան Կարապետյանը ծնվել է 1950 թ. մարտի 28-ին, Երևանում:

1974թ. ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում, 1985-1989 թթ. ընդունվել և ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը՝ ստանալով քաղաքագետի որակավորում:

Եվ պատահական չէ, որ հենց այս երկու բնագծերում էլ՝ շինարարության ոլորտ և քաղաքականություն, հետագա ողջ կյանքի ընթացքում Ա. Կարապետյանը բեղմնավոր գործունեություն է ծավալել՝ լինելով լավ մասնագետ և ակտիվ քաղաքական-հասարակական գործիչ, մշտապես իր ակտիվությամբ վարակելով գործընկերներին:

Երկար տարիներ նա աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, «Երևանշին» արտադրական միավորումում, ապա նաև՝ ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ: Մասնակցել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմմանն ու իրագործմանը, վերահսկել և կոորդինացրել է Հանրապետության քաղաքների ու շրջանների բնակարային և կապիտալ շինարարության, բնակշահագործման ու կոմունալ տնտեսության ձեռնարկությունների աշխատանքները: Միաժամանակ վերահսկել է հանրապետության շինարարության, շին. նյութերի արտադրության, փայտավերամշակման, կոմունալ տնտեսության նախարարությունների և Հայպետշինկոմի գործունեությունը:

1988 -1989 թթ. մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին՝ միաժամանակ՝ ՀԿԿ կենտկոմում կոորդինացնելով հանրապետությունում աղետի գոտու բնակարանային շինարարության ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքները:

Ալեքսան Կարապետյանը «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով, ընտրվել է Ազգային ժողովի երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր:

2012   թվականի հունվարից մինչև 2014 թվականի օգոստոսի 6-ը եղել  է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, իսկ 2014 թվականի օգոստոսից մինչ օրս ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդականն էր:

Back to top button