
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Թբիլիսիիում ներկայացվել է «Թբիլիսի` նոր Բաբելոն» ալբոմը, որում ներկայացված են XX դարի երկրորդ կեսի Վրաստանի հայ նկարիչների գործերը: Ալբոմի հրատարակման գործին իրենց աջակցությունն են բերել Վրաստանի ու Հայաստանի մշակույթի նախարարությունները, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը:
Թբիլիսահայ երիտասարդ նկարչուհի Իրենա Օհանջանովան մի քանի տարի առաջ սկսեց հավաքել ու մի ալբոմի մեջ ներկայացնել աշխարհի տարբեր թանգարաններում գտնվող վիրահայ հայտնի նկարիչների գործերը: Նա կարողացավ իրավունք ստանալ տպագրել, օրինակ, ԱՄՆ-ի թանգարաններից մեկում պահվող Լեւ Բայախչևի գործերից մեկը, որը թերևս շատ քչերին է հայտնի:
Եվ այդպես, ալբոմում հավաքվեցին XX դարի երկրորդ կեսին Վրաստանում ապրած ու ստեղծագործած նկարիչների` Լեվ Բայախչևի (1930-1992թ.), Ալբերտ Դիլբարյանի (1928-1991թ.), Ռոբերտ Կոնդախսազովի (1937-2010թ.), Գայանե Խաչատուրյանի (1942-2009թ.), Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքովայի (1939թ.) գործերը:
«Այս գրքում ներկայացնում ենք գեղանկարչության ամենավառ անհատականություններին: Այստեղ կան նաև գործեր նկարիչների ընտանիքների հավաքածուներից, որոնք դեռևս չեն հասցրել ցուցադրվել: Եվ ահա այս ալբոմը հնարավորություն է տալիս ծանթանալ թբիլիսյան գեղանկարչության մի շարք գլխուգործոցների հետ»,- ասում է գրքի հեղինակ Իրենա Օհանջանովան:
Օհանջանովային նման գաղափար մի քանի տարի առաջ տվեց Հովհաննես Մանուկյանը, ով այդ ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպանն էր: Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ կրկնակի ուրախ է, քանի որ սա երկու ժողովուրդների մշակութային համագործակցության մի կարևոր և նաև իր նախաձեռնության արտահայտությունն է:
Ալբոմի ստեղծմանն իր աջակցությունն է բերել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով տեղեկացրեց, որ փորձում են միջոցներ գտնել ծրագիրը շարունակելու համար, որպեսզի Վրաստանի տարբեր թանգարաններում գտնվող հայազգի նկարիչների գործերն ամբողջովին ներկայացվեն:
«Սա կարծես թե Վրաստանում հայ գեղանկարչության արժեքների հաշվառում լինի: Վերջին տարիներին տպագրվեցին մի շարք նմանատիպ ալբոմներ: Եվ ամենակարևորը, որ այս ընթացքում բազմաթիվ նկարներ, որոնք խնամքի կարիք ունեին ու գտնվում էին անմխիթար վիճակում, վերականգվեցին վարպետների կողմից»,- ասում է Վազգեն եպիսկոպոսը։
«Թբիլիսի` նոր Բաբելոն»-ը եռալեզու ալբոմը է (հայերեն, ռուսերեն և վրացրեն): Այստեղ վրացի արվեստագետ Դավիդ Անդրիաձեիի նկարիչների մասին գրված էսսեները թարգմանել է թբիլիսահայ թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանը:
Առաջիկա օրերին նախաձեռնության հեղինակաները կներկայացնեն եվս մեկ հայ-վրացական համատեղ ալբոմ, որտեղ ներկայացված են Կարապետ Գրիգորյանցի, Վանո Խոջաբեկովի և Վաղարշակ Էլիբեկյանի գործերը:




