Հասարակություն

«Տիեզերական եկեղեցու վարդապետ» կոչումը պարտավորեցնող է. հոգեւորական

aidaavetisyan

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վավերացրել է Սրբերի  դատի ժողովի կարդինալական դասի եպիսկոպոսների լիագումար  նիստի «Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ»  շնորհելու որոշումը:  Նրա ստեղծագործություններից  «Մատյան ողբերգությունը» հայտնի է որպես աղոթագիրք: Որոշման վերաբերյալ այսօր իրենց մեկնաբանություններն են հնչեցրել գրքի թարգմանիչն ու հոգևորականը, որոնց կարծիքով  կաթողիկե եկեղեցու որոշումը  բխում է նրանից, որ Նարեկացին կարողացել է վերծանել մարդկության գաղտնիքներն ու  ցույց տալ մեղսագործությունից  ազատվելու ճանապարհը:

 

Գրիգոր Նարեկացին հայ սրբերից  առաջինն է, ում Հռոմի կաթողիկե եկեղեցին շնորհել է  Տիեզերական  եկեղեցում վարդապետի տիտղոս: Մինչ այժմ կաթողիկե եկեղեցին ունեցել է 35 վարդապետ՝ 31 տղամարդ, 4 կին: 16-րդ դարից սրբերի ցանկը սկսել է  համալրվել  հիմնականում լատին սրբերով, իսկ 17-րդ դարից սուրբ հռչակելու մենաշնորհը  ստանձնել է  Պապը:  2000 տարվա պատմության մեջ  Գրիգոր Նարեկացին  36-րդն է , ով  ճանաչվել է  Տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Վարդապետ եկեղեցվո նշանակվում է այն սուրբը, որը մեծ ներդրում ունի աստվածաբանական  եկեղեցու համար, մեծ ներդրում ունի նաև ժողովուրդի բարեպաշտության մեջ, մեծ ազդեցություն և դեր է խաղացել եկեղեցու և ժողովուրդի հոգևոր կյանքի մեջ»:

Համաշխարհային պատմության մեջ անզուգական դեմքերից  Գրիգոր  Նարեկացու ժառանգորդ համարվելը պատասխանատու կոչում է, պետք է հասկանալ նրա թողած ժառանգության  արժեքն ու  խորհուրդը, ասում է  Մատյան ողբերգության  թարգմանիչ Աշոտ Պետրոսյանը: Կաթողիկե  եկեղեցին այդ քայլին է գնացել, քանի որ Գրիգոր Նարեկացին կարողացել է վերծանել  ամբողջ մարդկության հոգեբանությունն ու գաղտնքիները,  ցույց տալ նրա մեղսական բնույթն ու էությունը և մեղքերից ացատվելու ճանապարհը:  Նարեկն այսօր համառոտված փոքր Աստվածաշունչ է:

Նարեկը թարգմանված է մոտ 32 լեզուներով և ըստ Գյումրիի ու Աշոցքի շրջանի ժողովրդապետ  հայր Պետրոս վարդապետ Եսայանի՝ օտարերկրացին կարդալով Նարեկացու հայտնի գործերից  «Մատյան ողբերգությունը» առաջնորդվում  է նրա աղոթքով:  Նարեկը հայերիս մեջ էլ է սիրված: Այն հիմնականում  ընթերցում են  Մեծ Պահքի շրջանում  և փորձում Գրիգոր Նարեկացու աղոթքով ու ապաշխարհությամբ ուղղվել առ Աստված և դաստիարակել իրենց հոգիները, կարծում է հոգևորականը:

Որոշման մասին  Պապը կհայտարարի  ապրիլին  Վատիկանում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվող պատարագի ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button