Միջազգային

Դոնբասում մալայզիական ինքնաթիռը խոցվել է ռուսական ԲՈՒԿ տիպի հրթիռային համակարգով

Նիդեռլանդների դատախազությունը տեղեկություն է տարածել Դոնբասի երկնքում ամիսներ առաջ խփված մալայզիական օդանավի մասին: Ըստ այդ տեղեկության, օդանավը խփվել է ռուսական ԲՈՒԿ տիպի հրթիռային համակարգով, որը Դոնբաս էր բերվել դրանից որոշ ժամանակ առաջ,- տեղեկացնում ՝ Korrespondent.net-ը: Նիդեռլանդների դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ հավանաբար ԲՈՒԿ-ը բերվել եւ կիրառվել է իր անձնակազմի հետ միասին:

Օդանավի դեպքի հետաքննության շնորհիվ ուսումնասիրվել է ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ, ինչի համար եղել է քննության անձնակազմը ավելացնելու կարիք: Նշվում է նաեւ, որ ներկայում իրավապահները պետք է ոչ միայն կասկածյալների շրջանակը հստակեցնեն, այլ նաեւ դատարան ներկայացնեն մեղավորության ապացույցներ՝ դատավճռի համար: Նիդեռլանդների իրավապահները հայտարարել են նաեւ, որ վերջին շրջանում արձանագրել են Նիդեռլանդների ոստիկանության եւ դատախազության կայքերը կոտրելու պարբերական փորձեր, որ իրականացնում են ՌԴ հատուկ ծառայությունները: Այդ փորձերի մասին լուրջ վկայություններ կան, ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մալայզիական օդանավը Ամստեդրամից ուղեւորվում էր Կուալա Լումպուր եւ Դոնեցկի երկնքում աղետի էր ենթարկվել, թեեւ գտնվել է քաղաքացիական օդանավերի համար թույլատրելի բարձրության վրա: Ըստ մասնագետների, այդ բարձրության վրա օդանավը գետնից հնարավոր էր խոցել ԲՈՒԿ տիպի հրիթռային համակարգով: Աղետի զոհ դարձավ մոտ 300 մարդ:

Back to top button