

Մինչ աշխարհի գերտերությունները փորձում են կանխել ցեղասպանությունները , պարբերաբար ցեղասպանության են ենթարկվում ոչ միայն եզդիները, այլև ասորի ժողովորդը: «Աթուռ» Հայաստանի ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան և Ասորիների միության նախագահ Ռազմիկ Խոսրոևը հրավիրելով գերտերությունների ուշադրությունը՝ դիմում են կոչով՝ փրկելու քրիստոնյա ասորի ժողովրդին ցեղասպանությունից: Ասորիները դիմել են նաև Հայաստանի կառավարությանը ՝ սիրիահայերի պես քրիստոնյա ասորիներին ևս ապաստան տալու խնդրանքով:
Այն ինչ 2014 թվականի օգոստոսից տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, դասական ցեղասպանության օրինակ է: Ի դեպ իսլամիստների կողմից ցեղասպանության են ենթարկվում ոչ միայն եզդիները, այլև քրիստոնյա ասորիները և այդ ցեղասպանությունը շարունակվում է մինչև հիմա, հրավիրելով աշխարհի գերտերությունների ուշադրությունը՝ ահազանգում են քրիստոնյա ասորիները: Ներկայացնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան նշեց, որ այն ինչ տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը իսլամիստների հարձակման առաջին ալիքն էր, 2-րդ և առավել ուժեղ ալիքը սկսվել է մի քանի օր առաջ:
«Փետրվարի 23-ին՝ կիրակի, լույս երկուշաբթի գիշերը, առավոտյան ժամը 5-ին իսլամական պետության ահաբեկիչները հարձակվեցին ասորաբնակ շուրջ 32 գյուղերի վրա: Փետրվարիի սկզբին նրանք արդեն իսկ տեղեկացրել էին ասորիներին հրովարտակներով, որ եթե նրանք հարկ չվճարեն ոսկու տեսքով, և խաչերը հանեն բոլոր եկեղեցիների վրայից, կամ էլ ազատեք տարածքը»:
Իսլամիստների զգուշացմանը հետևեցին կոնկրետ գործողություները նրանց իսկ կողմից: Մասսայական և դաժան սպանությունները հաջորդում են մեկը մյուսին: Քրիստոնյա ասորիների մի մասին էլ պատանդ են վերցրել, մեծամասամբ կանանց, երեխաների և տարեցների:
«Այսօր նախատեսում են տեսահոլովակ հրապարակել, որով դիմելու են ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային: Կամ պետք է Օբաման վերացնի ռազմական գործողությունները, կամ էլ իրենք սկսում են պատանդներին վերացնել: Այսօր առավոտվա տվյալներով ավելի քան 500 պատանդ արդեն իսկ վերցրել են»:
Այն ինչ կատարվում է Արևելքում ոչ միայն ասորիների և եզդիների, այլև ամբողջ քրիստոնյա աշխարհի գերխնդիրը պետք է դառնա, նկատեց Ասորիների միության նախագահ Ռազմիկ Խոսրոևը:
Ռազմիկ Խոսրոևը խնդրանքով դիմեց նաև Հայաստանի կառավարությանը: Հաշվի առնելով սիրիահայերի նկատմամբ վերաբերմունքը, ասորի ժողովրդի ներկայացուցիչը խնդրեց համապատասխան որոշում ընդունել նաև ասորի փախստականների համար: Ռազմիկ Խոսրոևը կարծում է, որ քրիստոնա ասորիները ևս իրավունք ունեն ապաստան գտնել և ապրել Հայաստանում: Հայաստանի ասորիների միությունը անգամ գրավոր նամակ է պատրաստել, որը առաջիկայում կփոխանցի Հայաստանի կառավարությանը:




