
«Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական միջնորդության խորացումն է: Այն ուղղված չէ որևէ բանկի փակմանը, կամ բանկերի քանակի նվազեցմանը»,- ասված է Կենտրոնական բանկի այսօր տարածած հայտարարության մեջ։
«Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել և արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ:
Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի: Հայաստանի բանկային համակարգը կայուն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն և բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից այլ բան պետք չէ ակնկալեն»,- հայտարարում է ԿԲ- ն։
Նման հայտարարության պատճառ է դարձել, ԿԲ խորհրդի որոշման վերաբերյալ վերջին մեկնաբանությունները։
«Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով»,- նկատել է գլխավոր դրամատունը։
Նշենք, որ 2014 թ. դեկտեմբերի 30-ի նիստում, ԿԲ խորհուրդը փոփոխություն է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգում՝ ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից սահմանելով 30 մլրդ ՀՀ դրամ:
Ներկայում Հայաստանում գործող 21 բանկից միայն 5-ն ունի 30 մլրդ դրամից ավելի կանոնադրական կապիտալ:




