Հասարակություն

Բախշյանը ասում է, որ ֆինանսական խախտումներ է հայտնաբերել Մոնթե Մելքոնյան դպրոցում

sonahakobyan

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր, անդրադառնալով լավ աշխատանքի համար մանկավարժական պարգևավճարներին, նշել է, որ դրանց մի մասը կեղծ է: Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված  Երևանի դպրոցների ֆինանսական փաստաթղթերից և դրանց ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցը 2014 թ-ին 5 միլիոն դրամ պարգևավճար է տրամարդել մի շարք աշխատակիցների, որոնց մի մասն անգամ դպրոցի ֆինանսական մատյանում գրանցված չէ։

Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցի կառավարման խորհրդի  2014թ.  փետրվարի և մարտի որոշումներով գերազանց աշխատանքի համար պարգևատրվել են համապատասխանաբար 45 և 20 մանկավարժական աշխատողներ։

Երևույթը, թերևս, խրախուսելի կլիներ, եթե պարգևատրումը լիներ ըստ արժանվույն և հասցեական: Ուսումնասիրելով դպրոցի պարգևատրված աշխատակիցների ցուցակները՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պարզել է, որ 45 հոգանոց ցուցակում իրականում 44 ազգանուն կա, որովհետև համարակալումը 41-ից անցել էր 43-ի։ Այսինքն՝ այս ցուցակից պարգևատրվել են 44- ը, այնուհետև  երկու ցուցակներում ներկայացված 64 ազգանուններից  16 -ը կրկնվում էին։ Ստացվում է, որ պարգևատրվել են ընդամենը 48  հոգի: Բացի այդ՝ ուսումնասիրելով նաև դպրոցի 2014 թվականի աշխատավարձերի հաշվառման մատյանը՝  Անահիտ Բախշյանը պարզել է, որ դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ պարգևատրվել են մարդիկ, ովքեր իրականում ուսումնական  հաստատության տարիֆիկացիայում  արձանագրված չեն:

«Այս ցուցակում պետք է ներառվեն դպրոցի բոլոր աշխատակիցները: Ձեռքիս տակ եղած 3 տարիֆիկացիաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պարգևատրված այս 64 աշխատակիցների անունները ոչ բոլոր տարիֆիկացիաներում է, որ կա»,- ասում է ավագանու անդամը։

Անահիտ Բախշյանն իր ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ պարգևատրվածներից  6-ը  տարիֆիկացիայում չկան: Այսպիսով՝ հաշվի առնելով, որ պարգևատրումը կազմել է 80.000 դրամ, ստացվում է, որ դպրոցի բյուջեից 480 000 դրամը  տրամադրվել է ոչ գրանցված աշխատողներին:

Այս ամենի մասին Անահիտ Բախշյանը տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությանը, որն էլ իր հերթին գնացել է հայտարարության հետքերով: «Վերահսկողության վարչությունը գնացել, ստուգել է և ինձ պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ է ու մեր առերես հանդիպման ժամանակ ինձ հարցնում է «Դե՞մ եք, որ պարգևատրել են»: Միանշանակ՝ դեմ չեմ, ուսուցիչը պետք է պարգևատրվի իր գերազանց գործունեությքն համար, բայց մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ այդ պարգևատրումը հասցեական է»:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ այս ամենից կոռուպցիայի հոտ է գալիս և հայտնեց, որ իր կողմից ուսումնասիրությունները շարունակվելու են, անգամ եթե տվյալ դպրոցի տնօրենն իրեն դատի կա։ «Քանի որ այս տնօրենը անպայման ինձ դատի է տալու՝ ես նախապես ասեմ, որ  այս ամենի փաստերն ունեմ»։

Ի դեպ՝ Անահիտ Բախշյանը նաև հայտնեց, որ եթե 2014 թվականի նախահաշվով դպրոցը 5 մլն է հատկացրել պարգևավճարներին, ապա 2015 թվականի նախահաշվով այդ թիվը հասնում է 8 մլն.- ի:

Կարդացեք նաև

Back to top button