

Այս տարին անակնկալ ձմեռ էր ողջ հանրապետության համար: Սակավաձյուն տարի դիտվեց: Սակայն փետրվարին հանրապետության որոշ շրջաններում նկատվեցին ձյան տեսքով նորմայից բարձր տեղումներ: Թեև մայրաքաղաքում գարնանային շունչ է, սակայն հանրապետություն որոշ շրջաններում դեռևս ձյան հաստ ծածկ է առկա: Մարտին նույնպես կանխատեսվում է տեղումնառատ ամիս:
Ի տարբերություն անցյալ տարվա մարտին, որն ավելի տաք էր, այս տարվա գարնան առաջին ամիսը կանխատեսվում է տեղումնառատ՝ լեռնային շրջանների առանձին հատվածներում ձնախառն անձրևի տեսքով: Օդերևութաբանները կարծում են, որ գարունը կլրացնի սակավաձյուն ձմռան բացը՝ չնայած որ փետրվարին լեռնային որոշ շրջաններում տեղաց առատ ձյուն և այժմ էլ այդ շրջաններում առկա է ձյան հաստ ծածկ՝ Արագածի բարձր լեռնային կայանում դիտվում է 2 մետր 35 սմ հաստության ձյան ծածկ:
Փետրվարի վերջին երկու օրերին տեղումներ չեն սպասվում: Ամսի 28-ին կանխատեսվում է, որ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-15 աստիճան տաքության: Իսկ մարտի մեկից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Մարտի առաջին երեք օրերին ամպամածությամբ պայմանավորված Արարատյան դաշտավայրում գիշերը կգրանցվի դրական ջերմաստիճան, ցերեկն էլ այն կտատանվի 10-ից 12 աստիճան տաքության սահմաններում:
Առաջիկա օրերի եղանակային պայմաններոը որևէ վտանգ չեն սպառնում գյուղատնտեսությանը, վստահեցնում է Տարածքային կառավարման և ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Սակայն գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար մարտից մինչև ապրիլը համարվում են ռիսկային ամիսներ, ասում է: Մինչև ապրիլի կեսերը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճանների վտանգ գրեթե հաճախ է սպառնում: Սակայն այս պահին չեն կարող կանխատեսել ցրտահարություն կդիտվի՞, թե՞ ոչ: Օդերևութբանի հորդորն է հողի մշակներին դեռևս չշտապել գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար:




