ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահները դիվերսանտներին հանձնելու հարց չեն բարձրացրել, ասում է ԱԳ նախարարը

ԱԺ- կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է այն խոսակցություններին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջերս տարածաշրջան կատարած իրենց այցի ընթացքում հայկական կողմից պահանջել են Ադրբեջանին վերադարձնել ադրբեջանցի դիվերսատներին, որոնց դատավարությունն ընթացել է ԼՂՀ դատարանում:

«Ասեկոսեները, թե եռանախագահներն այդ հարցը Երեւանում մեր հետ հանդիպման ժամանակ (քննարկել են), այդպիսի բան չի եղել: Եռանախագահները մեզ մոտ այդ հարցը չեն բարձրացրել: Բնական է, որ միջազգային հանրությունը, քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրության մասին, բայց ի՞նչ մարդասիրության մասին մենք կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում: Ադրբեջանում հայտնված քանի հայազգի քաղաքացիական անձինք ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով նվաստացվել են տեսախցիկների առաջ եւ հետո սպանվել»։

Արտգործնախարարը մտավախություն չունի, թե ադրբեջանական քարոզչության պատճառով հարցի էությունը կնենգափոխվի եւ կտեղափոխվի այլ հարթություն: Ըստ նախարարի՝ դատավարության ընթացքում ապացուցվել են կատարված հանցագործությունները, նաեւ` երիտասարդին առեւանգելու, խոշտանգելու եւ սպանելու մասով: Դատավարության բոլոր նյութերին տեղյակ են Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանությունները:

Էդվարդ Նալբանդայնը թվարկեց բազմաթիվ դեպքեր, երբ մարդասպանները Ադրբեջանում հերոսացվել են, երբ Ադրբեջանն ինքը մի շարք հարցերում՝ այդ թվում նաեւ խոցված ինքնաթիռի դեպքում, չի դրսեւորել անհրաժեշտ մարդասիրություն: Այնպես որ, ըստ նախարարի, այս դեպքում ասելիքն ու պատասխանը ավելի քան հստակ է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին պնդում է, որ այս հարցում Հայաստանը մեկ այլ պահանջ էլ պետք է ունենա: «Միջնորդները պարտավոր են առնվազն մեզ դիմելուց առաջ պահանջել Ադրբեջանից, որպեսզի նրանք հրապարակավ խոստովանեն, որ նրանք հանցագործներ են, որը պաշտոնական Բաքուն մինչեւ օրս այդպիսի հայտարարությամբ հանդես չի եկել եւ չի էլ գա»։

Էդվարդ Նալբանդյանն ԱԺ- ում ստիպված է եղել անդրադառնալ նաեւ միջազգային կառույցներից մեկի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման հետ կապված հարցին։ Խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ֆաբիան Սալվիոլին երեք նամակով դիմել է ՀՀ կառավարությանը՝ ցանկանալով պարզել երկու հարց. Ինչպիշի՞ պատժամիջոցներ են կիրառվել 2008 թվականի մարտի 1-ի անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատուների նկատմամբ եւ ինչպիսի՞ միջոցներ են կիրառվել երաշխավորելու համար տուժողների համարժեք փոխհատուցման համար:

Որեւէ հստակ պատասխան միջազգային կառույցին այդպես էլ չի ուղարկվել, այն դեպքում, երբ այնտեղ ներկայացվելու է Հայաստանին վերաբերող զեկույց, ահազանգել է պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Մի քանի օր հետո ՄԱԿ-ում քննարկվելու է Հայաստանի զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության առումով: Սա ինչ է նշանակում, մեր պարտավորությունները միջազգային կառույցի նկատմամբ, որը երեք անգամ պաշտոնապես Շարլ Ազնավուրին գրում է՝ ինչո՞ւ չեք կատարում ՄԱԿ-ի հանձնարարականները: Ի՞նչ անենք այս դեպքում»,- ասաց պատգամավորը։

Նախարար Նալբանդյանը խոստացավ. «Շատ արագ ձեւով երկու օրվա ընթացքում մենք ձեզ հակիրճ կներկայացնենք»:

Կարդացեք նաև

Back to top button