
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանական Trend-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:
«Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցերից մեկն է: Ուստի մենք միշտ ուշիուշով հետևում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացներին, ակտիվ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող ջանքերին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ծառայում է ոչ միայն տարածաշրջանի ժողովուրդների, այլև միջազգային հանրության շահերին»:
Թուրքիայի ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ այդ խնդիրները իրենց մեջ հնարավոր վտանգ են պարունակում Եվրասիայի, այդ թվում Հարավային Կովկասի անվտանգության համար: «Ուստի միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն մասնավորապես, պետք է ավելացնեն ջանքերը՝ տարածաշրջանի հակամարտությունները լուծելու ուղղությամբ»:




