

Մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով երեկ երեկոյան ժամը 18-ին ավարտվեց Արմավիրի մարզի 5 համայնքում համայնքի ղեկավարի և մեկում` ավագանու անդամների թեկնածուների գրանցման ժամկետը: Առաջադրված թեկնածուներից միայն 2 համայնքում 2 թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, իսկ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար գրանցվել է 6 թեկնածու:
Արմավիրի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները 6-ն են, որոնք ինքնաառաջադրմամբ ներկայացրել էին իրենց թեկնածությունները: Ընտրական օրենսգրքի դրույթներից ելնելով , սահմանված ժամկետում փաստաթղթերի իսկությունը և ամբողջությունը ստուգելուց հետո 21-րդ ընտրատարածքային հանձնաժողովը գրանցեց 6 թեկնածուին: 21-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուիքիասյանը ներկայացրեց յուրաքանչյուր թեկնածուի գործերը և դրեց քվեարկության:
Վեց թեկնածուից 4-ը ՀՀԿ անդամ է, սակայն ՀՀԿ-ն որևէ մեկի թեկնածությունը չի առաջադրել: Թեկնածուների թվում է նաև գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Բացի Արմավիր քաղաքից համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում նաև 21-րդ ընտրատարծքի Նալբանդյան և Նոր Արմավիր գյուղերում: Նալբանդյանում առաջադրված 3 թեկանծուից 2-ը ՀՀԿ անդամ է, մեկը ՀՅԴ: Նիստից 30 րոպե առաջ հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արմեն Շմավոնյանը ետ է վերցրել գրանցման համար ներկայացված փաստաթղթերը` արտերկիր մեկնելու կապակցությամբ:
Նալբանդյանում գրանցված 2 թեկնածուն էլ ՀՀԿ անդամ են, սակայն կուսակցությունը պաշտպանում է գործող գյուղապետ Գրիգոր Մկրտչյանի թեկնածությունը:
Նոր Արմավիրում նույնպես 2 թեկնքածու է գրանցվել, 2-ն էլ՝ հանրապետական կուսակցությունից, երկուսն էլ՝ ինքնաառաջադրմամբ:
20-րդ ընտրատարածքի Հոտամեջ և Հայկավան գյուղերում գրանցվել են 2-ական թեկնածուներ: Հայկավանում առաջադրված թեկնածուներից անկուսակցական Մեխակ Ստեփանյանը ետ է վերցրել փաստաթղթերը, իսկ անկուսակցականներ Ռուբեն Ղազարյանն ու Արամ Մելքոնյանը գրանցվել են: Ռուբեն Ղազարյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:
Վաղարշապատի տարածքի Հովտամեջ գյուղում գրանցվել են ՀՀկ-ից առաջադրված և կուսակցական գործող համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանն ու անկուսակցական Հակոբ Ավագյանը:
Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում էլ նախատեսվում է անցկացնել ավագանու անդամների ընտրություններ, որի համար գրանցվել է 7 թեկնածու:
Ընտրատեղամասերում այժմ փակցված են ընտրողների նախնական ցուցակները՝ հնարավորություն տալով ճշտել և լրացնել բացթողնված անունները: Անհրաժեշտության դեպքում ընտրողները պետք է դիմեն անձնագրային բաժանմունք:
Գայանե Սուքիասյանը տեղեկացրեց, որ ընտրողները կարող են քվերակությանը մասնակցել նաև նույնականացման քարտերով:




