![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2013/02/h.matevosyan1.jpg)
Արձակագիր Հրանտ Մաթևոսյանն այսօր կդառնար 80 տարեկան։ Նա ծնվել էր 1935 թվականին Լոռու Ահնիձոր գյուղում, որի անունով ակնարկն էլ դարձավ հեղինակի առաջին տպագիր գործն ու մեծ աղմուկ բարձրացրեց։ Հրանտ Մաթևոսյանի սցենարներով են նկարահանվել «Մենք ենք մեր սարերեը», «Աշնան արև» և բազմաթիվ այլ ֆիլմեր։ Հրանտ Մաթևոսյանը եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, նաև Հայստանի գրողների միության նախագահ։ Կյանքից հեռացավ 2002 թվականին՝ 67 տարեկան հասակում։
Տարիներ առաջ Ահնիձորն աշխարհին պարգևեց Հրանտ Մաթևոսյանին։ Իր առաջին «Ահնիձոր» տպագիր ստեղծագործությամբ էլ հայկական արձակում նա նվաճեց իր մեծագույն տարածքը։ «Ահնիձորի» մուտքն ընդունվեց սվիններով, քանի գյուղական կյանքի պարզ պատկերներով հեղինակը փորձում էր խոսել իր ժամաանկի խնդիրների մասին։
«Նրան հաճախ մեղադրում էին, թե աշախրահը տանում է դեպի Ծմակուտ, բայց կյանքը ցույց տվեց, որ Ծմակուտից է սկսվում մեր արձակի ճանապարհը»։ Նրա հերոսները հաճախ դժվար բնվորության տեր մարդիկ են, ովքեր բարդացնում են ոչ միայն իրենց, այլև շրջապատող մարդկանց կյանքը։ Բայց նրա հերոսների ձեռքերով է նաև, որ շենանում է երկիրը։ Նրանք տեր են այդ երկրին ու փորձում են պաշտպանել այն մարդակերպ գիշատիչներից։ «Կարողացեք Տեր լինել. տեր եղեք ձեր տանը, ձեր ընտանաիքին, ձեր երկրին, ի վերջո տեր եղեք ինքներդ ձեզ։ Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը դու…»:
Դերասան Սերգուշ Բաբայանն է հիշում:
Իր ժամանակի կաղապարներից դուրս էր Մաթևոսյանի ոճը։ Դա այլևս բոլորին ծանոթ հանգիստ պատումը չէր, այլ գրողի սրտացավ զայրույթով ու հեգնանքով լի բառի, խոսքի բյուրեղացում, որտեղ խախտելով ժամանակների հաջորդականությունը դատողություններ էր անում ու հորդորում.«սրբագրեք ձեր կյանքը, մաքրեք ու ամրացրեք մարդու ձեր տեսակը։ Ասում է՝ ատել կարողանալ սովորեք, որպեսզի …սիրեք։ խեղճ մի եղեք, քայլեք հաղթելու նպատակով։ Ասում է Ձեր խեղճությունը մի փաթեթավորեք ու ներկայացրեք որպես բարություն. ի վերջո անկեղծ եղեք ձեր առաջ»։
Մաթևոսյանական է նաև հիշեցումը.«…մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես-հիշողության մեջ չես՝ հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։
Ապա շարունակում է .«Մի վախեցիր, մեռնելը դժվար է, ուզենաք էլ ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ մյուս անգամ կխփեն»։
Հրանտ Մաթևոսյանն ասում էր.«Մենք ուխտ ունենք դեպի լույսը»: Արդյո՞ք այսօր մեզանում կա այդ գիտակցումը, ուխտի հանդեպ պատասխանատվությունը:
«Հրանտ Մաթևոսյանի գաղափարական ժառանգորդների մեջ դա կա, բայց հավաքականության մեջ՝ ո՛չ», ասում է գրողի որդին Դավիթ Մաթևոսյանը:
Ասում են մեծանուն գրողներն օժտված են ազգի ապագան կանխատեսելու ունակությամբ, ինչպիսի՞ն էր տեսնում Հրանտ Մաթևոսանը Հայաստանի այսօրը:
«Նա չցանկացավ դառնալ մեր սև օրերի մարգարեն և լռության ուխտ արեց: Հրանտ Մաթևոսյանը պարզապես խնայեց մեզ իր լռությամբ»,-ասում է Դավիթ Մաթևոսյանը:
Երեկվա խեղճիդ հույսը, տեսիլն այսօր քո ձեռքերն անցած դրոշ է։ Հաղթել ենք, ասա, հաղթում ենք, ասա, թե հաղթելու ենք՝ նույնն է, փաստ է արդեն։ Դու դա իմացիր ու քո հայրենիքը քեզ վերադարձրու։ Ժամանակն է։ Հրանտ Մաթևոսյանը սիրում էր կրկնել, որ Թումանյանով հայրենիք ստեղծեցինք, իսկ հենց նրա՝ Մաթևոսյանի ստեղծագործությունը օգնում է ճանաչել այդ հայրենիքը, օգնում է ճանաչել ինքներս մեզ։