Միջազգային

Էրդողանը Կոլումբիայում խոսել է Հայոց ցեղասպանությունից

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին Կոլումբիա կատարած այցի ժամանակ կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ հերթական անգամ հարցը կապելով «պատմաբանների հանձնաժողովի» հետ, ինչպես նաև երկխոսությունից խուսափելու մեղադրանքներ ուղղելով Հայաստանի Հանրապետությանը:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը մասնակցել է Բոգոտայի Էքստերնադո համալսարանի և Անկարայի համալսարանի կողմից համատեղ կազմակերպված՝ «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» համաժողովին, որի ընթացքում էլ հանդես է եկել ելույթով:

«Ցավոք, պատմությունը գրվում է գերիշխող ուժերի կողմից: Մենք դեմ ենք դրան: Կողմ ենք, որպեսզի պատմությունը գրեն պատմաբանները: Ցավոք, 1915-ի իրադարձությունները, անցյալի ցավալի պատմությունները գրվել են գերիշխող ուժերի կողմից»,- հայտարարել է Էրդողանն ու հավելել, որ հայերի՝ թուրքերի դեմ արածներն ու թուրքերի՝ հայերի դեմ արածները մինչ այս չի հաջողվել առողջ և ճշմարիտ ձևով քննարկել:

«Եթե հայկական սփյուռքն անկեղծ է, ճշմարտախոս, ապա մենք բացում ենք մեր բոլոր արխիվները: Մինչ այժմ ուսումնասիրված փաստաթղթերի թիվը 1 մլն-ից ավելի է: Մենք բացել ենք այս ամենը: Եթե Հայաստանը նման փաստաթղթեր ունի, թող նա էլ բացի, երրորդ երկրներն էլ թող բացեն: Թողենք, որ պատմաբաններն ուսումնասիրեն այս թեման»,- նշել է Թուրքիայի նախագահը ու հայկական կողմին մեղադրել Թուրքիայի դեմ սկսված խոշոր արշավի համար: Էրդողանն իր ելույթի ընթացքում կրկին հիշատակել է 2014-ի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ նշելով, թե դա «արել է լավ մտադրություններով»:

Թուրքիայի նախագահն իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ կրկին դրա ձախողման մեղքը բարդելով հայկական կողմի վրա, թեև հենց թուրքական կողմն է մշտապես հանդես գալիս նախապայմաններով:

«Մենք Դարդանելի գործողության 100-րդ տարելիցին մասնակցելու համար հրավեր ուղարկեցինք Հայաստան, սակայն նրանք պատասխանեցին անհարգալից հայտարարություններով»,- նշել է Էրդողանն ու հավելել, որ Հայաստանը փակել է երկխոսության ճանապարհը, սակայն Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղության և երկխոսության հասնելու համար:

Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի սկզբներին Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիփ Էրդողանը նամակով դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»: Ապրիլի 25-ին Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին, որում, մասնավորապես, ասվում էր. «Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին։ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»։

Հետագայում թուրքական իշխանությունները մշտապես հիշում են «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման առաջարկը: Հետաքրքրական է, որ մինչ Էրդողանի՝ 2005-ի այդ նամակը հասներ Երևան, այն արդեն տարածվել էր ԱՄՆ օրենսդիր մարմիններում և տարբեր լրատվամիջոցներում:

Բացի այդ, թուրքական կողմը հաճախ է խոսում բաց արխիվների մասին, սակայն հենց Թուրքիայի քաղաքացիներն են բարձրաձայնում, որ Հայկական հարցին առնչվող արխիվները Թուրքիայում անհասանելի են:

Հավելենք նաև, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավեր է ուղարկվել՝ Թուրքիայում նշելու ճակատամարտի հարյուրամյակը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումների մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:

Այսպիսով, Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ:

Կարդացեք նաև

Back to top button