Քաղաքական

Հայաստանի տնտեսական աճը`Վաշինգթոնի առաջնահերթություններից

Հայաստանը զգալի հաջողությունների է հասել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը: «Մենք նաեւ պատրաստ ենք աջակցել ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման հարցում, որը Հայաստանի լուրջ ձեռքբերումներից է: Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները, եւ մենք ցանկանում ենք սատարել այդ ամենը՝ աշխատելով իշխանությունների հետ: Իմ կարծիքով, այս ոլորտում Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել վերջին տարիների ընթացքում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Երեւանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Վաշինգթոնի առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսական աճը: «Մեր կարեւորագույն առաջնահերթությունն է Հայաստանի տնտեսական աճը, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության եւ ներդրումների ավելացումը, քանի որ Հայաստանը դրա կարիքն իրոք ունի: Մենք բավարարված չենք տնտեսական հարաբերությունների ներկա վիճակով եւ ցանկանում ենք ավելի խոշոր ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում»,-ընդգծել է Ռուբինն ու հավելել. «Երկրորդ առաջնահերթությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, մի հակամարտություն, որը բացասական, անարդար եւ ցավալի է բոլորի համար, եւ այժմ հակամարտության գոտում մահացածների եւ վիրավորների թիվը ամենաբարձրն է պատերազմի ավարտից հետո: Դա նորմալ չէ եւ մենք պատրաստ ենք սերտ աշխատել երկու առաջնորդների հետ: Մենք գիտակցում ենք, որ չկա մի կախարդական լուծում, մենք գիտակցում ենք, որ սա երկարատեւ ու ծանր հակամարտություն է, սակայն այն չպետք է ընթանա սխալ ուղղությամբ: Կարծում ենք, որ այս տարի կարող է առաջընթացի տարի լինել»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականը:

Back to top button