Հասարակություն

Առեւանգվել են «Կասեցում» շարժման ակտիվիստին

Այսօր ոստիկանությունում հաղորդում է ստացվել ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին: Լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ակտիվիստի առեւանգման մասին լուրը ոստիկանությանը հայտնել է նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Արտակ Խաչատրյանին առեւանգել են դիմակավորված անձինք: Արդեն անցել է 7 ժամ, սակայն նրա մասին որեւէ մեկը տեղեկություն չունի:

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հարազատները, ընկերները, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը եւ Միքայել Մելքումյանը: Վերջիններս պահանջում են գտնել առևանգված երիտասարդին:

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն  aravot.am-ին հայտնել է, որ Պաշտպանի հանձնարարականով արագ արձագանքման խումբը կապվել է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ ֆինանսների նախարարության օպերատիվ վարչության հետ:

Այսօր Տոլստոյի փողոցի մոտից առեւանգված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի մասին տեղեկություններ չկան, նրան բերման չեն ենթարկել այս կառույցները: Պաշտպանի խոսնակն ասել է, որ իրավաբանները փորձում են ոստիկանության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել նրա գտնվելու վայրը պարզելու համար:

Հիշեցենք, որ Արտակ Խաչատրյանը ՓՄՁ ներկայացուցիչների հետ ակտիվորեն մասնակցել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթը կասեցնելու համար տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Back to top button