Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։
«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Ի դեպ, այսօր սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նա աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում, որտեղ մասնակցելու է Մյունխենի Միջազգային անվտանգության համաժողովին:Ադրբեջանական moderator.az լրատվական կայքը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին գրում է, որ հանդիպմանն, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն վերջին օրերին սահմանին ստեղծված լարվածությունը եւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները: