Հասարակություն

Գյումրիում զանգվածային սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին դատելու է զինվորական դատարանը

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատը կանցկացվի Հայաստանում` ռուսական ռազմաբազայի տարածքում:

Կողմերը վերջնականապես համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ դատական գործընթացը կանցկացվի Գյումրիում` ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորային ռազմական դատարանում: Գործակալության աղբյուրի համաձայն` նման որոշում է կայացվել Հայաստանում տեղակայված ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնության հիման վրա:

«Ինտերֆաքս»-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ կողմերը նաև համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացություն` ռուսական օրենսդրության հիման վրա:

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և ռուսական, և հայկական կողմերը, խնդիրը լուծվում է համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացության ընդունման միջոցով, որը հիմնված է լինելու ռուսական քրեական օրենսդրության վրա», — հայտնել է գործակալության զրուցակիցը:

Մեղադրյալի նկատմամբ առաջադրվելու է նաև ռուս ռազմական քննիչների կողմից ներկայացված զենքով դասալքության համար նախատեսված հոդվածներով նախատեսվող մեղադրանք:

«Այն ամենը, ինչ որ մշակվել է հայ քննիչների կողմից, գործի նյութերի հետ համադրելու նպատակով փոխանցվելու է ռուսական կողմին», — հայտնել է աղբյուրը:

 

Back to top button