Հասարակություն

ՄԻ պաշտպանը խստորեն դատապարտել է Բերձորում տեղի ունեցած դեպքերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ոստիկանների և անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղի իր պաշտոնակից Յուրի Հայրապետյանին և խստորեն դատապարտել դեպքը:

Կարեն Անդրեասյանի գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ:

Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները և դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաև լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսևորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում:

Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և մենք չունենք որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք:

Շարունակելով մեր կառույցների երկարատև համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանակներում և երկկողմանի ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը»:

Back to top button