Էրդողան.«Պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star հեռուստաընկերության եթերում պատասխանելով լրագրողների հարցերին, դարձյալ մեղադրել է հայկական սփյուռքին «սադրանքների դիմելու», Թուրքիայի հետ «առճակատում հրահրելու» և «բանակցություններից փախուստ տալու» համար:
Էրդողանը հայտարարել է, թե միակ բանը, որ անում է սփյուռքը, իրենց հետ «որևէ կապ չունեցող երկրներում որոշումներ կայացնել տալն է»:
«Եթե հարցնեք՝ քարտեզի վրա Հայաստանը ցույց տալ չեն կարողանա, սակայն այդ երկրների խորհրդարանները Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացնում»,- հայտարարել է Էրդողանը:
Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է. «Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը»:
Էրդողանը կրկին բարձրաձայնել է ցեղասպանության խնդիրը պատմաբաններին թողնելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել` ընդունելու պատմաբանների ուսումնասիրության արդյունքները` ինչպիսին էլ որ դրանք լինեն:
«Մենք միանգամայն անկեղծ պատրաստ ենք նստել սեղանի շուրջ, բայց նրանք փախչում են և խնդրի հետ ոչ մի կապ չունեցող երկրների խորհրդարաններում օրենքներ են ընդունել տալիս»,-ասել է Թուրքիայի նախագահը: