

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ տարածաշրջանի ամենահզոր բանակը մերն է ու սա է մեր ամենակարևոր ձեռքբերումը. կառավարության ղեկավարը վերջին օրերի լարավածությունը համարեց, ոչ թե պատերազմի վերսկսման վտանգ, այլ ադրբեջանական սադրանք:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ հիշեցրեց, որ իր կենսագրության կեսը թողել է բանակում և հիմա էլ շարունակում է գործել՝ հանուն Հայոց բանակի, այն իր ընտանիքն է:
«Ոստիկանությունն այսօր ունի ուժեղ բանակ, իսկ բանակն էլ՝ ուժեղ ոստիկանություն»: Սահմանային միջադեպերի պահով էլ նկատեց, թե պետք է լուրջ չվերաբերվել, բայց չմոռանալ, թե ով է թշնամին. «Ադրբեջանցիներ են, էլի՛»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն էլ վստահեցրեց, որ հոգևորականներն առ Աստված շնորհակալական աղոթք են բարձրացնում այսօր մեզ տրված հարաբերական խաղաղության համար.
«Մեր բանակը պետք է համարժեք գործողություններով կարողանա զսպել ադրբեջանական կողմի սադրանքները»:
Իսկ ահա ԵԿմ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն էլ նկատում է, որ 600 տարուց ավելի մուսուլմանները մեզ տարբեր առիթներով ճնշել են, ցեղասպանություն են արել: Բայց մեր բախտը մեզ հետ է: Գեներալ Մանվելի խոսքը շարունակեց մեկ այլ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Մենք պատերազմ չենք սկսում, բայց եթե սկսեցին պատասխան կստանան»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ ազատամարտիկների մի զանգված նեղված է հայրենի իշխանություններից, արդյոք հնարավո՞ր է, որ թշնամին դրանից օգտվի, Մանվել Գրիգորյանն ասաց, որ թշնամին ամեն ինչի էլ օգտվում է:
«Ազատամարտիկները հարցեր ունեն, թող իրանց հարցերը բարձրացնեն, լուծումներն էլ ստանան: Այո, այսօր երկրում լիքը խնդիրներ կան, ինչի միայն ազատամարտիկների, ժողովուրդն այսօր խնդիրներ ունի պիտի լուծվի, ազատամարտիկին ժողովրդից մի բաժանեք, էդ ազատաամարտիկը էդ ժողովրդի զավակն է»:
Դիտարկմանը, թե ինքն էլ Ազգային ժողովի պատգամավոր է, Մանվել Գրիգորյանն ասաց՝ քաղաքականությունն ուրիշ է, պատգամավորությունն` ուրիշ: Նա Ազգային ժողովում է, որպեսզի բարձրացնի «ազատամարտիկների հարցերը»:




