Սպորտ

Գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու

Արամ Մանուկյան
Ռադիոլուր

Որքան մոտենում է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի մեկնարկի օրը, այդքան ավելի ու ավելի է արդիական դառնում  այդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այդ կապակցությամբ նշել է, որ իր կարծիքով հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:
ՙՍպորտը քաղաքականությու չի սիրում, թե՚ Բաքվի ղեկավարները, թե՚ Եվրոպական օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները խոստացել են ապահովել անվտանգությունը, և ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի՚,- ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Մինչդեռ շատ ֆեդերացիաներ հակված չեն իրենց մարզիկներին ուղարկել Բաքու, խոսքը հատկապես ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաների մասին է: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ ինքը չի հավատում Բաքվից հնչող խոստումներին և ոչ մի լավ բան չի սպասում մի երկրից, որտեղ արդարացնում և նույնիսկ հերոսացնում են հայ սպանած քաղաքացուն:

Այդպես է կարծում նաև բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ով նշում է , որ պետք է բոյկոտել Բաքվի հետ կապված ցանկացած բան:

Ինչևէ, այսօր ամենակարևորը մեր անվտանգությունն է, իսկ անվտանգություն հուսալ Բաքվում պարզապես անմտություն կլինի: Ի դեպ, թեև ադրբեջանցիները մեզ հրավիրում են Եվրոպական խաղերին, բայց իրենց շախմատի հավաքականը հրաժարվել է մասնակցել ապրիլի 18-ին Երևանում մեկնարկելիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:

Back to top button