Հայաստանյան գնաճի գնահատումները հերթական անգամ բախվում են՝ 4.6, թե 30-60 տոկոս
Հայաստանում անյալ տարեվերջից արձանագրվող կտրուկ գնաճի մասին գնահատումներն ու դիտարկումները բախվում են միմյանց: Հայաստանի քաղաքացիների շրջանում լրջագույն մտահոգություն ու դժգոհություն հարուցած թանկացումներն Ազգային վիճակագրական ծառայությունը տեղավորում է նախորդ տարվա կանխատեսումների միջակայքում՝ մինչեւ 5 տոկոս, այնինչ սպառողների շահերի պաշտպանների նոր գնահատումները խոսում են 30-60 տոկոս գնաճի մասին: Ինչպես է պատահում, որ նույն հանգամանքը տարբեր երանգներ է ստանում, եւ ինչ դիրքերում է Հայաստանը գնաճի մասով աշխարհում:
Հայաստանում նախորդ տարեվերջին թանկացումներ արձանագրվել էին դեռ մինչեւ դրամի արժեզրկումը, ինչը տնտեսվարողները պատճառաբանում էին հումքի եւ էներգակիրների թանկացմամբ. հայտարարում է սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը եւ նկատում, որ Հայաստանում դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճից հետո հունվարին գները որոշակիորեն իջել են, սակայն ոչ այնքան, որ հասնեն իրենց նախորդ մակարդակին: Ու ստեղծվել է նույն վիճակը, ինչպես տարիներ շարունակ: «Երբ դոլարը հասավ 700 դրամի, միանգամից ապրանքները թանկացրին,սակայն երբ այն նորից իջավ 480 դրամի, տնտեսվարողների պետքն էլ չէ». իր դիտարկումներն այսպես է ձեւակերպում սպառողների շահերի պաշտպանը:
Ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ՀՀ կենտրոնական բանկը կարողացավ զսպել դրամի արժեզրկումը, բայց որոշ ժամանակ անց դոլարը նորից թանկացավ` հասնելով նույնիսկ 700 դրամի: Այս խառը իրավիճակի պատճառով շատ տնտեսվարող սուբյեկտներ մեծ կորուստներ ունեցան, բայց շատերն էլ օգտվեցին ստեղծված իրավիճակից: Ամանորից առաջ ներմուծված շատ ապրանքներ կապ չունեին դրամ-դոլար տատանումների հետ, քանի որ դրանք ներմուծվել էին նախքան թանկացումները, բայց շուկայում թանկացումները համատարած բնույթ կրեցին»,- նշեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը:
Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ սեփական գնահատումներն է ներկայացնում: Ըստ այդմ՝ 2014թ-ի նոյեմբերից սպառողական շուկայում գնաճը 30-ից 60 տոկոս է կազմել նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ: «Հացամթերքը թանկացել է 10-20 դրամով, թանկացել են ձուն, թռչնամիսը, կաթնամթերքը: Միայն թթվասերի գինը բարձրացել է 40 տոկոսով: Ռուբեն Հայթյանը պատմեց, որ կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկը որպես թանկացման հիմնական պատճառներից մեկը ներկայացրել է եւ ասել, որ պաղպաղակ են արտահանել Ռուսաստան, սակայն ռուբլու արժեզրկումից հետո չեն ստացել Ռուսաստանից եկող իրենց եկամուտը, այդ իսկ պատճառով էլ իրենք իրենց ապրանքը թանկացրել են Հայաստանում՝ ետ բերելու իրենց կորուստները: Նման օրինակները հիմք ընդունելով՝ բանախոսը վստահություն է հայտնում, որ թանկացումները հիմնականում հիմնավորված չեն:
Վերադառնալով Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի դիտարկումներին՝ փոխանցեմ նաեւ նրա հայտարարությանը, թե թանկացման մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև սպառողները, քանի որ ժամանակին չեն արձագանքում և չեն բողոքում:
Այն, որ, ըստ Հակոբյանի, թանկացումների հետեւանքով իրենց կազմակերպությունը բողոքներ գրեթե չի ստացել: «Հիշեք, եթե երեխան չի լացում, մայրը չի կերակրում: Ամեն ինչի մասին բողոքում են` բացի թանկացումներից: Սպառողներին չեն հետաքրքրում թանկացումները»,-ասում է նա:
Ի դեպ՝ հերթական անգամ բախվում են գնաճի շուրջ դիտարկումները: Մինչ սպառողների շահերի պաշտպաններն ահազագնում են սպառողական շուկայում 30-60 տոկոս չհիմնավորված գնաճի մասին, Ազգային վիճակագրական ծառայությունը նախորդ տարվա 12-ամսյա գնաճը տեղավորում է սահմանված միջակայքում` այն գնահատելով 4.6 տոկոս:
Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը սա բացատրում է այսպես՝ մինչև օգոստոս ամիսը Հայաստանում նկատվել է 5.2 տոկոս գնանկում, իսկ օգոստոսից հետո միջին գնաճը կազմել է 6.5 տոկոս: Մինուսներով ու պլյուսներով էլ ստացվում է նշված 4.6 տոկոսը: Չնայած բնակչության շրջանում գնաճի հարուցած խիստ մտահոգությանը՝ ԱՎԾ-ն դեկտեմբերի ամսական միջինացված տվյալներում կտրուկ գնաճի ցուցանիշը, որպես այդպիսին, տեսանելի չի համարում:
Ի դեպ՝ հրապարակվել է նաեւ աշխարհի տասնյակ այլ երկրների գնաճի ցուցանիշը: Դիտարկված երկրները բաժանվել են երկու մասի՝ Եվրամիության անդամ եւ ոչ անդամ: Հնարավոր չէ չնկատել, որ ԵՄ անդամ 27 երկրների արձանագրած գնաճը գրեթե բոլորի մոտ զրո ամբողջով է սկսվում, բացառությամբ եվրոպական 3-4 երկրի, որտեղ գները միջինում բարձրացել են 1-1.5 տոկոսով: Լիովին այլ իրավիճակ է ԵՏՄ անդամ եւ տարածաշրջանի այլ երկրներում: Ռուսաստան՝ 8.5 տոկոս գնաճ, Բելառուս՝ 15.5 տոկոս, Ուկրաինա՝ 21 տոկոս, Ղազախստան՝ 6.9, Ղրղզստան՝ 8.9, Թուրքիա՝ 8.6 տոկոս գնաճ: Եվրոպական ուղղությունը եվրասիականով փոխարինած մեր երկրի համար տնտեսագետների մի ստվար զանգված հենց ներկայացված վիճակի շարունակում ու ցավոք, խորացում է կանխատեսում: