ԿարևորՔաղաքական

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից մինչեւ Գյումրու ոճրագործությունը.ԱԳ նախարարն ամփոփել է 2014-ը

annanazaryan

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է նախորդ տարին՝ ընդգծելով տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենանշանակալի ձեռքբերումները:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշերի համաձայն, շարունակել է աշխատանքներ տանել՝ ուղղված երկրի անվտանգության ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թիվի ավելացմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,-ասել է  նախարար Նալբանդյանը:

Նախորդ տարվա ամենակարևոր իրադարձությունն ըստ Նալբանդյանի՝ Հայաստանի անդամագրումն էր Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ նրա՝ դա բխում է ՀՀ ռազմավարական շահերից: Նախարարը հավելել է, որ Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրամիության հետ, իսկ Միացյալ Նահանգների հետ էլ ավելի է ամրապնդում հարաբերությունները՝ դյուրացնելով մուտքի ռեժիմը:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ԼՂՀ հիմնահարցին, օգոստոսյան դեպքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքներին:

«Շարունակվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանն ուղղված աշխատանքները: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում «առանց նախապայմանների» սկզբունքը շարունակել է վայելել միջազգային ատյանի դրական վերաբերմունքը: Շարունակվել են ընդլայնվել նաև դիվանագիտական հարաբերությունները: Մեծ ուշադրություն է դարձվել հայրենիք-սփյուռք կապերին»,- ասել է ԱԳ նախարարը:

Արդյոք ուշացած չէր ՀՀ պետական մարմինների արձագանքը Գյումրու ողբերգությանը լրագրողի հարցին, Նալբանդյանը պատասխանել է. «Ահավոր սարսափելի հանցագործության հենց առաջին օրը ՀՀ նախագահը իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան արձագանքներ, նշել, որ ամենասեղմ ժամկետում պետք է բացահայտել մանրամասները, հայտնաբերել մեղավորներին, օրենքի ամենախիստ ուժով պատասխանատվության ենթարկել: ՀՀ նախագահը նշել է այդ ամենի կարևորությունը, մեր իրավապահ մարմինները, իրենց կողմից կատարվող աշխատանքների համաձայն, տեղեկատվություն են տրամադրում, հայկական կողմը պատշաճ համագործացկություն է հաստատել ռուսաստանյան գործընկերների հետ, գիտեք, որ հեռախոսազրույց է եղել ՀՀ և ՌԴ նախագահների միջև, ամենաակտիվ շփումները շարունակվում են»:

Նրա խոսքով՝ լիակատար փոխըմբռնում կա, որ պետք է հետաքննությունը լինի բաց և թափանցիկ, և որ մեղավորները պետք է ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվեն:

Կարդացեք նաև

Back to top button