Հասարակություն

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2014 թ-ը

satikisahakyan
Անցած տարի  Արմավիրի մարզում գրանցվել է 585 արտակարգ դեպք, որի 60 տոկոսը` թունավորում: Եղել են նաև հրդեհներ, ջրահեղձում և այլ արտակարգ դեպքեր, որին արձագանքնել են մարզային փրկարարները:  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է  2014 թվականի գործունեությունը , որը գնահատվել է բավարար: 2015 թվականին նախատեսվում է բարելավել 911 ծառայությունը, որը օգնություն ցույց կտա տարբեր իրավիճակներում հայտնված մարդկանց, կստեղծվեն ճգնաժամային կառավարման կենտրոններ, իսկ հեռավոր գյուղերում էլ  կկազմավորվեն  կամավոր փրկարար  ջոկատներ՝ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու նպատակով:

 

 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Ամիրջանյանը ներկայացրեց անցած տարվա ստացած ահազանգեր, որտեղ չեն բացառվել  դժբախտ դեպքերը: Մարդիկ զոհվել են գազաբալոնի պայթյունից, ջրահեղձվել են, հոսանքահարվել, հայտնաբերվել է նաև 3 դի:  Տարվա ընթացքում զերծ չեն մնացել նաև հրդեհներից, որից գրանցվել է 2 զոհ:  Գերակշռող մասը խոտածածկ տարածքների հրդեհներ են եղել:

Քաղպաշտպանության գործում կարևոր նշանակություն ունի կապի և ազդարարաման սարքերի առկայությունը, սակայն ահազանգման  նախկին սարքավորումները չեն համապատասխանում թվայնացված նոր տեխնոլոգիաներին և անհրաժեշտ է դրանք փոխարինել նորագույն սարքավորումներով:

Անսարք է  նաև ջրածածկման գոտու 20 համայնքում տեղադրված  վաղ ազդարարաման 22 սարքավորումներից  հինգը:

Հաշվետու տարում  կազմակերպվել են տարբեր ուսումնական վարժություններ, հետևել են փրկարարաների մարտական  պատրաստվածությանը: Արմավիրի մարզից 2014 թվականին «Լավագույնն ըստ մասնագիտության»  մրցույթի հաղթող է ճանաչվել հրշեջ-փրկարար Արգամ Դավթյանը:

2015 թվականին փրկարար ծառայության հիմնական խնդիրներից մեկը լինելու է 911 ծառայության բարելավումը:  ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը նշեց, որ  յուրաքանչյուր ոք արտակարգ իրավիճակում հայտնվելիս պետք է միայն մեկ համար իմանա՝ 911:

Մարզերում ստեղծվելու են ճգնաժամային կառավարման կենտրոններ: Արմավիրի մարզում կենտրոնի համար նախատեսված տարածքը հիմնանորգվել է: Սահմանամերձ ու կենտրոնից հեռու համայնքներում  ստեղծվելու են կամավոր փրկարարական ջոկատներ: Համլետ Հակոբյանը Արմավիրի մարզային փրկարարական վարչությանն ու արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային  մյուս ստորաբաժանումներին առաջարկեց համատեղ աշխատել, որն ավելի արդյունավետ կլինի:

Կարդացեք նաև

Back to top button