Հասարակություն

Արմեն Մուրադյանի պարզաբանումը՝ Քաջարան ԲԿ-ում գրանցված ներհիվանդանոցային վարակի դեպքերի մասին

hasmikdilanyan
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քաջարանի բժշկական կենտրոնում գրանցված ներհիվանդանոցային վարակի դեպքերին: Նախարարի խոսքով, ամբողջ աշխարհում, այդ թվում զարգացած երկրներում մինչև 5-10 տոկոս ներհիվանդանոցային վարակներ են գրանցվում:

«Հեպատիտ C-ն բացառություն չէ և բացառություն չեն նաև Հայաստանի բուժհիմնարկները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Աշխատում է նաև ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը, որը Քաջարանից երեկ է վերադարձել, քննարկվել են նյութերը: Քրեական գործի շրջանակներում կլինեն համապատասխան որոշումներ, ինչի մասին բոլորին կտեղեկացվի»,- հայտարարել է  Արմեն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ  խնդրի վերաբերյալ անցկացվել է երկու խորհրդակցություն և այն այսօր օրակարգային ամենկարևոր հարցերից մեկն է:

«Հոկտեմբերի 31-ին նախարարի հրաման է արձակվել ներհիվանդանոցային վարակների կանխման վերաբերյալ և մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության ողջ առողջապահական ցանցում: Քսան օրվա ընթացքում հարցը պետք է քննարկվի հիվանդանոցների վերաբերյալ, իսկ երկու ամսվա ընթացքում ողջ ցանցի վերաբերյալ: Յուրաքանչյուր բժիշկ իր կատարած և չկատարած աշխատանքի համար պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Պատասխանելով սրտի անետաձգելի վիրահատության ծրագրի մասին հարցին, առողջապահության նախարարը  նշել է. «Ծրագիրը վերաբերում է այն փուլերին, երբ հիվանդի վիճակն այնպիսին է, որ ժամերը որոշիչ են դառնում և պետությունն իր վրա է վերցնում այն մարդկանց հոգսը, ովքեր չեն կարող ֆինանսվորել այդ ժամանակակից թանկարժեք բուժումը: Նա հայտնեց, որ սուր ինֆարկտների դեպքում ստենտավորված հիվանդները վեցամսվա ընթացքում գտնվելու են անընդհատ հսկողության ներքո: Բոլոր հետազոտություններն կատարվելու են անվճար, անհրաժեշտ դեպքում իրականացնելով նաև կրկնակի ստենտավորում: Արդեն 60-ից ավելի անձինք ստենտավորվել են այդ ծրագրով և բնակչությունը գոհունակություն է հայտնում ծրագրից, որը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն է, որն այսօր կյանքի է կոչվել: Երեք ամսվա ընթացքում քննարկվելու են ծրագրի հնարավոր ռիսկերն ու խնդիրները»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը: Սուր ինֆարկտ ախտորոշմամբ բուժհաստատություն դիմած հիվանդներին անվճար տեղադրում են ոչ դեղապատ ստենտ: Հետագա դեղորայքային բուժումը եւս իրականացվում է անվճար: 2015-ին ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 500 մլն դրամ:

Back to top button