Հասարակություն

Արվում է ամեն ինչ փոքրիկ Սերյոժայի կենսական նշանակության գործառույթների կայունացման համար

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան ժամանած առաջատար մասնագետները` Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան ժամանումից անմիջապես հետո այցելել են Գյումրիի սպանդից փրկված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ անցկացվել է շուրջ երկու ժամ տևողությամբ հերթական կոնսիլիումը` ռուս և հայ առաջատար մասնագետների, ինչպես նաև երեխային երկու օր առաջ վիրահատած պրոֆեսորի` Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանի մասնակցությամբ։

Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է փոքրիկի բուժման ընթացքը, կատարված հետազոտությունների, բժշկական միջամտությունների հաջորդականությունը:

Երեխային զննելուց հետո, խորհրդակցության ընթացքում ռուս մասնագետները գոհունակությամբ փաստել են, որ կատարվել են երեխայի բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

«Բարձր ենք գնահատում թե՛ սարքավորումները, թե՛ բժշկական օգնության որակը»,-նշել է Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը:

Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին ասել է, որ այս փուլում կարևոր է երեխայի առողջական վիճակի կայունացումը, ինչպես նաև հետագա բարդացումների չեզոքացումը, որը կհանգեցնի ուղեղի գործառույթի վերականգնմանը:

«Մենք պետք է հասկանանք, որ այս պահին պետք է ձգտենք ոչ թե մեծ, կարդինալ փոփոխությունների, այլ աստիճանական դրական զարգացումների»,-նկատել է մասնագետը` հավելելով, որ կարևոր է նաև երեխայի կենսական նշանակության գործառույթների կայունացումը:

Ռուս և հայ մասնագետների մասնակցությամբ այսօր կհրավիրվի ևս մեկ կոնսիլիում` երեխայի բուժման հետագա ընթացքը և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հեռախոսակապի միջոցով կոնսիլիումին մասնակցել են նաև Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետները: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել կատարել գլխուղեղի փորոքների դրենավորում: Նշենք, որ կոնսիլիումին մասնակցած արտասահմանյան բոլոր մասնագետները շարունակում են հետաքրքրվել երեխայի վիճակով։

Այս օրերին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակին մշտապես հետևում է նաև ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը` հաճախակի զանգահարելով նախարար Արմեն Մուրադյանին։ Ինչպես նա, այնպես էլ իր կողմից առաջարկված մասնագետները հեռակապի միջոցով ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող միջազգային կոնսիլիումներին։

Back to top button