
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայրաքաղաք Անկարայում գտնվող իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, թե ապրիլի 24-ին ինչ ծրագրեր ունի Թուրքիան:
Ինչպես գրում է թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը, հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Թուրքիա է հրավիրելու աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 100-ամյա տարելիցը։ Ալիևը, իր հերթին, շտապել է նշել, որ ինքը ևս մասնակցելու է այդ արարողությանը։
«Սաբահն» ընդգծել է, որ ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր` հավելելով, որ Էրդողանի կողմից սա դիվանագիտական քայլ է` «հայկական ստերի» և «Սփյուռքի գործողությունների» դեմ:
Բացի այդ, հանդիպման ժամանակ Թուրքիայի առաջնորդը խոսել է նաև Արցախյան հիմնախնդրի մասին։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ վերջին տեղեկությունները ստացա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործությունները վստահություն չեն հաղորդում», – ասել է Էրդողանը։
Էրդողան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես, ուշադրության կենտրոնում է եղել էներգետիկ ոլորտը։ Ըստ Էրդողանի՝ Տրանսանատոլական (TANAP) գազատարի շինարարության շնորհիվ աշխարհում կբարձրանա Թուրքիայի և Ադրբեջանի դերը։ Էրդողանը նաև նշել է, թե «Ադրբեջանին սպասում է G-20-ում», ինչպես նաև կողմերը փորձելու են ապրանքաշրջանառությունը մինչ 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-րդ տարին-խմբ.) հասցնել 25 մլրդ ամերիկյան դոլարի: Էրդողանի փոխանցմամբ` Թուրքիա-Ադրբեջան ապրանքաշրջանառությունն այժմ կազմում է 5 մլրդ ամերիկյան դոլար:
Նշենք, որ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ թուրքական պետությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական կողմը, Ցեղասպանության փաստը ճանաչելուց խուսափելու համար դիմում է ավելի ժամանակակից մեթոդների, ինչպիսին, օրինակ, «ընդհանուր ցավի» թեզն է: Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող այս թեզի դրույթներով` թեև թուրքական պաշտոնական շրջանակներն ընդունում են, որ 20-րդ դարասկզբին հայերը զրկանքներ են կրել, սակայն այն չեն կոչում ցեղասպանություն, հայերի կորուստները փորձում են հավասարեցնել թուրքական կորուստներին, իսկ արհավիրքը փորձում են տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում` այս ամենը կոչելով «ընդհանուր ցավ» և այդպիսով ժխտելով ցեղասպանության փաստը:
Այս ամենով հանդերձ՝ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն վարանում ամեն հարմար առիթով հայտարարել, որ հայերը ցեղասպանության չեն ենթարկվել, ինչի ապացույցն էլ թուրքական պետության տարբեր քայլերն ու հայտարարություններն են: Թուրքիան գիտական, դիվանագիտական, քարոզչական ուղիներով շարունակում է Ցեղասպանության ժխտումը:
Արցախյան հիմնախնդրում Թուրքիան ընդգծված ադրբեջանամետ կեցվածք է դրսևորում: Պաշտոնական Անկարան միջազգային կառույցներում հաճախ է հանդես գալիս Հայաստանի դեմ քայլերով` Արցախյան հակամարտությունն օգտագործելով նաև որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Աղբյուր՝ www.1in.am




