Տնտեսական

Հայաստանի ընդգծված խոցելի տնտեսությունը սպասում է բանկերի խոշորացման. Վարդան Բոստանջյան

lianaeghiazaryan

Հայաստանի տնտեսությունն ունի ընդգծված խոցելիություն, եւ հիմա կանխատեսումներ անել՝ դրամը կարժեւորվի, թե՝ ոչ, անիմաստ է. դրամի վիճակը կլինի այնպես, ինչ կլինի ռուբլու հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Խոսելով Հայաստանում մի շարք բանկերի փակման ու այդպիսով այլ բանկերի խոշորացման հնարավորության մասին՝ Բոստանջյանը շեշտել է՝ նվազագույնը 7 բանկ պետք է օտարել, բայց դա պետք է անել բանկերում կուտակված ռեսուրսները ռացիոնալ տեղաբաշխելով, այլապես դա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ֆինանսական համակարգի վրա:

 

Ինչ է սպասվում արդեն Եվրասիական տնտեսական միության գոտում հայտնված մեր երկրի տնտեսությանը: Այս հարցի պատասխանն առաջին հերթին կապվում է դրամի արժեզրկման կամ արժեւորման սպասումների հետ: Բայց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հարցի պատասխանն այլ տեղ է փնտրում՝ ռուբլու գոտում, ու բացատրում՝ Հայաստանը պետք է ունենար սեփական տնտեսությունը, աշխատատեղեր, ներդրումներ, եկամուտներ լինեին, որպեսզի կարողանար զերծ մնար այդ վայրիվերումներից: Այնինչ Հայաստանի տնտեսությունն ունի ընդգծված խոցելիություն, ուստի կանխատեսումներ անել՝ դրամը կարժեւորվի, թե՝ ոչ, անիմաստ է. դրամի վիճակը կլինի այնպես, ինչ կլինի ռուբլու հետ: Ռուբլու ցանկացած վայրիվերում կշարունակի արտացոլվել Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով, որ մասնավոր տրանսֆերտների հիմնական մասը ՌԴ-ից է:

2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հայաստանյան իշխանությունն ամենաշատը հպարտանում էր կայուն բանկային համակարգով: Այսօր, սակայն, Հայաստանի ֆինանսական կայունությունն էլ է կասկածի տակ: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը խիստ հավանական է համարում մեր երկրում մի շարք բանկերի փակման սցենարը: Այս միտումը, հիշեցնեմ, հաջորդեց Կենտրոնական բանկի որոշմանը, որով բանկերի նվազագույն կապիտալի չափը սահմանված 5մլրդ դրամից բարձրացվեց միանգամից 6 անգամ՝ հասցվելով  30 մլրդ դրամի:

Փակվող բանկերը կարող են միավորվել այլ բանկերի հետ, ու արդեն ավելի խոշորացած բանկերը կապիտալի խնդիր չեն ունենա: Սա, ըստ տնտեսագիտության օրենքների, պետք է բարձրացնի բանկային համակարգի կայունությունը: Կարող է նվազագույնը 7 բանկ օտարվել. իր գնահատումներն է ներկայացնում Վարդան Բոստանջյանն ու շեշտում՝ եթե պետությունը կարողանա բանկերում կուտակված ռեսուրսները ռացիոնալ տեղաբաշխել, բանկերի խոշորացումը բացասական ազդեցություն չի ունենա, բայց եթե կարողանա: Այլապես հնարավոր են մենաշնորհներ նաեւ բանկային համակարգում: Ընդ որում՝ այս հարցը միայն բանկային համակարգի վրա չէ, որ տարածվում է, արդեն ֆինանսական, ընդհանուր տնտեսական համակարգը դրա հետեւանքով չի կարող բացասական միտումներից զերծ մնալ. Վստահ է Բոստանջյանը:

Վարդան Բոստանջյանին որեւէ լավատեսություն չի ներշնչում նաեւ 2015թ-ի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը, քանի որ դրանում կրճատվել են տնտեսական զարգացման համար նախատեսված ծախսերը: Այս համատեքստում Հայաստանի նման փոքր պետությունն առանց որեւէ միության անդամակցելու չէր կարող միայնակ լուծել իր խնդիրները: Իսկ ԵՏՄ-ի հարթության մեջ հաջողությունների դեռ կարելի է սպասել:

Back to top button